ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գիորգի Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։