Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել են Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝
-
համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
-
առաջարկվող բարձր վճարի չափը,
-
օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
-
ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
-
նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
-
սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
-
ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող է ճանաչվել միայն մեկ հանրային լողափի` N 4-ի համար ներկայացված ներդրումային ծրագիրը: Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր:
N7 հանրային լողափի համար հայտ չի ներկայացվել, N8 հանրային լողափի համար ներկայացված ծրագիրը չի բավարարել ներկայացված պահանջներին և հաղթող չի ճանաչվել:
Հաղթող մասնակցի հետ կկնքվեն պայմանագրեր։
Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորել է հանրային շահի գերակայությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման առաջին արդյունքները։ Դրանք ամբողջությամբ պետք է լինեն հանրային լողափի գաղափարի համատեքստում և լիարժեք ծառայեն քաղաքացիների համար պատշաճ ջրային հանգստի կազմակերպման գաղափարին:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ խստիվ վերահսկվելու են հանրային լողափերին առաջադրված պահանջների պահպանումը: