Արցախի շփման գծից շուրջ 1 կմ հեռավորության վրա Ադրբեջանի իրականացրած դիվերսիայի կադրերն են: Ոստիկաններին Ստեփանակերտից Լիսագոր տեղափոխող մեքենան հայտնվում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների թիրախում:
Շուրջ 15 հոգուց բաղկացած խմբի դիվերսիայի հետևանքով զոհվում է Արցախի ոստիկանության երեք, վիրավորվում՝ 1 աշխատակից:
Մարտի 5-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն փորձը կկցվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված Հայաստանի չորրորդ միջպետական գանգատին: «Լուրեր»-ի հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին՝ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական այդ գանգատում ամբողջացված են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած կոնվենցիոն խախտումները:
Այն ներառում է նաև Փառուխի, Խրամորթի և Բերձորի դեպքերը:
Էդմոն Մարուքյան (ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան) - Այս բոլոր խախտումները փաստաթղթավորվում են: Միջազգային հանրության մեր բոլոր գործընկերներին ուղարկված են տեսանյութերը դիվերսիոն գործողության՝ հապացույց Ադրբեջանի կողմից ներդրված կեղծ լուրերի, որ եղել է ինչ-որ զենքի տեղափոխման փորձ, ինչ-որ հարձակում է եղել, իրենք պաշտպանվել են և այլն, և այլն:
Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի մեքենայի թիրախավորմամբ՝ Ադրբեջանը նպատակ ունի խոչընդոտել Արցախի և Հայաստանի հետ բանակցությունները՝ նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, հավելում՝ Ալիևի ծրագիրն է ստեղծել պայմաններ, որ այդ բանակցություններից հրաժարվեն հայկական կողմերը:
Ստյոպա Սաֆարյան (քաղաքագետ) - Այժմ Ադրբեջանն անում է քայլ, կազմակերպում է դիվերսիա, որպեսզի, իսկապես, Հայաստանում բացվի այդ դիսկուրսը՝ արդյոք այսքանից հետո հնարավո՞ր է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, արդյոք այսքանից հետո հնարավո՞ր է Երևան-Բաքու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ:
Էդմոն Մարուքյան - Սա նաև ուղերձ է միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցն ուղղակի ձևական, կեղծ հանդիպումներով, կեղծ քննարկումներով կամ ձևական հայտարարություններով չեն կարող բավարարվել:
Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե պատրաստ է բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ, մինչդեռ մարտի 5-ի դիվերսիան Արցախի էթնիկ զտմանը միտված հերթական գործողությունն էր՝ նշում է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյան - Հիմա Ալիևի այդ հերթական ձևավորած մոտեցումը, որ ես իմ քաղաքացիների հետ կխոսեմ, քանդվում է, որովհետև միջազգային հանրությունն արձանագրում է, որ ինքն իր քաղաքացիներին սպանում է, իր ասած քաղաքացիներին»:
Բաքվի հանցավոր գործողությունը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ուստի անհրաժեշտ է նրանց թվակազմի ավելացում ու մանդատի հստակեցում՝ ընդգծում են փորձագետները:
Էդմոն Մարուքյան - Այն, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտը պետք է կա՛մ միջազգային այլ ներգրավվածություն ունենա, կա՛մ պետք է շատացվի, կա՛մ պետք է մի այլ կերպ արդյունավետ դարձվի, սա քննարկման առարկա չէ, որովհետև վերջին տարիները, նոյեմբերի 9-ի ստորագրությունից օրեր անց, անգամ, Խծաբերդի դեպքերից սկսած ապացուցել է, որ արդյունավետության պրոբլեմ մենք ունենք:
Ստյոպա Սաֆարյան - Մի կողմից Ադրբեջանը փորձելու է այս միջադեպն օգտագործել, հիմնավորելու համար Լաչինի միջանցքի չբացումը, որ, տեսեք՝ ակնհայտորեն, խոսքը միայն քաղաքացիական ու առևտրային շարժի մասին չէ, այլ նաև, այսպես ասած, ապացույց է փորձում ստեղծել, իբրև տեղի է ունեցել ականների, զենք-զինամթերքի տեղափոխություն և այլն: Մյուս կողմից էլ՝ հիմնավորելու համար, թե ինչու պետք է այդ անցակետն անցնի իր վերահսկողության տակ, որովհետև ռուսները չեն կարողանում լիարժեք վերահսկել Հայաստան-Արցախ կոմունիկացիան:
Ադրբեջանի դիվերսիային հաջորդել են կեղծ հայտարարություններն այն մասին, թե հայկական կողմը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հաշվի առնելով Բաքվի նախկինում ևս ցուցադրած նման գործելաոճը, փորձագետները նշում են՝ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կարող է իրականացնել նաև այլ սադրիչ գործողություններ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան