ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն: Նրա խոսքով, ԱՄՆ-ն կատարում է խաղաղ գործընթացին աջակցելու դերը։
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Դրա նախաձեռնողը պետք է լինեն հենց կողմերը, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։ Մեր նպատակն է, որ կողմերը շփվեն միմյանց հետ, առաջարկներ ներկայացնեն: Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես միջնորդ, ոչ թե հաշտարար», - հայտարարել է գլխավոր խորհրդականը։
Բոնոն նշել է, որ իրեն հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի համար, սակայն, կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդության ձևաչափից։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի թեմային, Բոնոն հիշեցրել է Մյունխենում պետքարտուղար Բլինկենի խոսքերը, որ ճանապարհը պետք է բաց լինի բնակչության տեղաշարժի համար։
«Մենք գիտակցում ենք, որ անվտանգության խնդիր կա, սակայն անհրաժեշտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն ու քաղաքացիական ապրանքները տեղափոխվեն և հասանելի լինեն Ղարաբաղի ժողովրդին», - ասել է ավագ խորհրդականը։
«Մեր նպատակն ու խնդիրն է վերջ տալ ադրբեջանցիների և հայերի տառապանքներին, որպեսզի այդ ժողովուրդները կարողանան խաղաղ գոյակցել»,- ամփոփել է նա։
Բոնոն դժվարացել է պատասխանել հարցին, թե երբ կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում՝ առաջարկելով այս հարցն ուղղել Եվրամիության ներկայացուցիչներին։ ԱՄՆ Պետքարտուղարության գլխավոր խորհրդականը նշել է, որ Բաքու այցից և հանդիպումներից հետո վաղը կմեկնի Երևան: