ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է՝ տարածաշրջանային այցի շրջանակում: Պետքարտուղարության ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ: Բաքվում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ դիվանագետի այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջմղումն է:
Ավելի վաղ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բոնոն կայցելի նաև Երևան և Թբիլիսի: Նրա խոսքով՝ սա Լուիս Բոնոյի առաջին այցն է տարածաշրջան, որը շարունակությունն է երկխոսության, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
ԳԴՀ-Ն ԱՆԿԱԽԱՑԵԼ Է ՌԴ ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ, ԱԾԽԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՑ. ՇՈԼՑ
Գերմանիան անկախացել է ռուսական գազի, նավթի և ածխի մատակարարումներից, և դա չի հանգեցրել տնտեսական ճգնաժամի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Օլաֆ Շոլցը նշել է, որ մեկ տարի առաջ հույս չունեին, որ տնտեսությունը հեշտությամբ կհաղթահարի իրավիճակը, երբ Ռուսաստանից այլևս գազի մատակարարումներ չկան դեպի Գերմանիա և Եվրոպայի այլ երկրներ:
Հարցազրույցի ընթացքում կանցլերը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության մասին: Նա հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել հակամարտության ավարտից հետո, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել։ Օլաֆ Շոլցը կրկնել է, որ Արևմուտքը Կիևի փոխարեն հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումներ չի պատրաստվում կայացնել, իսկ խաղաղ բանակցությունների համար հիմք է համարում ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից:
ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԻՈՒՊՈԼ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մարիուպոլ և ստուգել ռազմական շինարարական համալիրի աշխատանքը: ՌԴ պաշտպանության նախարարին են ներկայացվել ռազմական շինարարների կողմից կառուցված բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը, ԱԻՆ հանրապետական փրկարարական կենտրոնը և 12 հինգհարկանի բնակելի շենքերից բաղկացած նոր միկրոշրջանը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ 17.000 ԶԻՆՎՈՐ Է ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ
Բելառուսի հետ սահմանին Ուկրաինան կենտրոնացրել է 17.000 զինծառայող՝ հայտնել է Բելառուսի պետական հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պետական սահմանային կոմիտեին: Բելառուսի ՆԳՆ ղեկավար Իվան Կուբրակովը հայտնել է, որ դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի ստորաբաժանումն ակտիվորեն աշխատում է Բելառուսի ամբողջ տարածքում։ Նշվում է, որ Ուկրաինայի Ռիվնեի շրջանում շարունակում են ամրացնել սահմանը, կառուցում են նոր ինժեներական կառույցներ, ստեղծում հակատանկային խրամատների երկրորդ գիծ։ Պաշտոնական Կիևը հայտարարում է, որ ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Բելառուսի տարածքից ռուսական ուժերի հնարավոր նոր հարձակմանը դիմագրավելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՈՐԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
Թուրքիայում բերման է ենթարկվել 997 մարդ, որոնք ներգրավված են եղել երկրում ավերիչ երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի շինարարության մեջ՝ հայտարարություն է տարածել երկրի դատախազությունը: 247 մարդ արդեն ձերբակալվել է: Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր երկրաշարժերից ամենաշատ տուժած Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավակը։ Քաղաքապետը ներգրավված է սեյսմիկ իրադարձությունների ժամանակ շենքերի զանգվածային փլուզումների գործով: