ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները: