ՀՈՒՆԱՍՏԱՆ
«ԱԼՅՈՒՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄ» ԿԱՌՆԱՎԱԼԻ ԺԱՄԱՆԱԿ
Հունաստանում կառնավալային հին ավանդույթ է միմյանց վրա սպիտակ ու գունավորված ալյուր շաղ տալը: «Ալյուրով պատերազմի» մասնակիցներն օգտագործում են բացառապես ցորենի ալյուր, որին սննդի մեջ օգտագործվող ներկեր են խառնում:
Միջոցառումն անցկացվել է մայրաքաղաք Աթենքից 200 կմ հեռու գտնվող Գալաքսիդի ծովափնյա քաղաքում, որի բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ:
«Ալյուրով պատերազմով» սովորաբար ավարտվում է Հունաստանի կառնավալային սեզոնը և նշանավորվում է հույն ուղղափառ պահքի սկիզբը:
Միջոցառման մասնակիցներն ակնոց և մեկամգամյա օգտագործման համազգեստ են կրում՝ ալյուրից պաշտպանվելու համար: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով վերջին երկու տարվա ընթացքում «ալյուրով պատերազմը» չէր անցկացվել:
Եղել են մարդիկ, որոնք չեն ցանկացել անմիջականորեն մասնակցել ինքնատիպ այս ուրախությանը, այլ նախընտրել են ապահով հեռավորությունից հետևել զվարճացողներին:
Ամենայն հավանականությամբ, այս ավանդույթի արմատները հասնում են 19-րդ դար, երբ Օսմանյան կայսրությունը բռնազավթել էր Հունաստանը:
Օսմանյան կառավարիչներն արգելել են կառնավալային տոնակատարությունները, բայց նրանց ընդդիմացող տեղացիները մոխիր են քսել իրենց դեմքին և պարել փողոցներում:
ԲՈԼԻՎԻԱ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ԹԱՓՈՆԻՑ
Թափոնից վերամշակված գործիքներ օգտագործող «Կատեուրա» կոչվող նվագախումբը, որը Պարագվայից է ժամանել Բոլիվիա, աննախադեպ համերգով է հանդես եկել Լա Պաս քաղաքի աղբավայրի մոտ՝ բարձրացնելու շրջակա միջավայրի պահպանման հարցը և իրազեկելու աղբը հավաքող աշխատողների կարևորության մասին:
Երաժշտական խմբի անդամները, որոնք 20 տարեկանից ոչ բարձր երիտասարդներ են, նվագում են թափոններից իրենց իսկ ձեռքով պատրաստած երաժշտական գործիքներով։ Մինչև այժմ նրանք ելույթ են ունեցել աշխարհի 51 երկրում, այդ թվում՝ Բոլիվիայում։
Ֆաբիո Չավես (երաժիշտ) - Այս մարդկանց ձեռքերում աղբը վերածվում է երաժշտության և դադարում է աղբ լինել: Կարծում եմ, որ վերամշակման, մշակույթի, մարդկային ջերմության, մարդկային գործոնի և այս համեստ երիտասարդների տաղանդի միախառնումից կարող է հրաշալի նվագախումբ ստեղծվել: Այստեղ՝ Բոլիվիայում, նույնպես շատ լավ ու տաղանդավոր երիտասարդներ կան:
Հանդիսատեսի շարքերում կան ինչպես իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ աղբահանությամբ և քաղաքի մաքրման աշխատանքով զբաղվող ընկերությունների աշխատակիցներ:
Հատկանշական է, որ հենց այս օրերին Լա Պասի իշխանություններն աշխատում են նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա աղբավայրերի ազդեցությունը: Դրանք հիմնականում վնասում են ջրի բնական աղբյուրներին: Լա Պասում օրական 670 տոննա թափոն է առաջանում:
ԱՄՆ
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆ «ՏԱՏԻԿԻ ԳՈՐԾ» ՉԷ
Քովիդ-19-ի համաճարակից հետո 25-ամյա ասեղնագործ-դիզայներ Անի Զիգմանն ասեղնագործության ժողովրդագրական փոփոխություն է նկատել: Նրա խոսքով, ասեղնագործությունը նախկինում մի զբաղմունք էր, որը կարելի էր համարել տատիկի հոբբի, սակայն այսօր այն վստահաբար չի կարելի համարել միայն տատիկի սիրելի զբաղմունք:
Աղջիկը նկատում է, որ օրեցօր աճում է ասեղնագործության, կար ու ձևի նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկն ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում:
Անի Զիգման (ասեղնագործ-դիզայներ) - Այնքան երիտասարդներ կան, որոնք համաճարակի ժամանակ սկսել են ասեղնագործությամբ զբաղվել և այնքան է դա իրենց դուր եկել, որ մինչև օրս շարունակում են: Կարծում եմ, որ ասեղնագործություն ու ընդհանրապես ձեռագործ աշխատանքները հիմա շատ ավելի հարգի են, քան նախքան համաճարակը:
Երբ կորոնավիրուսի պատճառով Զիգմանը կորցրել է Բրոդվեյի դերասանի իր աշխատանքը, սկսել է ասեղնագործությամբ զբաղվել՝ իրեն հոգեբանորեն խաղաղեցնելու և հանգստացնելու նպատակով: Դեռ այն ժամանակ այդ գործն իր համար խորթ չէր. նախկինում ավտովթարի էր ենթարկվել, և դարձյալ վերականգնվելու համար իրեն օգնել էր ասեղնագործության հանդեպ սերը:
Ժամանակի ընթացքում ավելի կատարելագործելով հմտությունները՝ Զիգմանը հասարակ ասեղնագործողից դարձել է դիզայներ-ասեղնագործ և սկսել կտավի վրա նկարել իրեն դուր եկած նմուշները և պատկերներն ու հետագայում ասեղնագործել դրանց վրա:
Սոցիալական ցանցերի շնորհիվ Զիգմանին հաջողվել է իր նոր աշխատանքով մեծ ճանաչում ձեռք բերել հատկապես երիտասարդների շրջանում: Նրանք, ասես, արհեստագործական համայնք են ստեղծել, որն ապրում է ոչ միայն համացանցում, այլև իրական կյանքում հանդիպում են և միասին ստեղծագործում:
ՄԱԼԱԶԻԱ
ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ՍՐՃԱՐԱՆ ԿՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐՈՒՄ
Կուալա Լումպուրի ծայրամասում գտնվող մալայզիական սրճարանն աղանդեր է մատուցում իր հաճախորդներին՝ հնարավորություն տալով ճաշակելու իրենց տորթերն ու վաֆլիները մողեսների, տարանտուլաների, օձերի և այլ սողունների հարևանությամբ:
Վայրի բնության համար հարմար Fangs սրճարանը, որը մարդկանց առջև իր դռներն է բացել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, հիմնականում լցված է սողուններով, որոնք նրա 20-ամյա սեփականատեր Յապ Մինգ Յանը կամ բուծել, կամ հավաքել է տարիների ընթացքում:
Այստեղ հաճախորդները կարող են վայելել մեկ գավաթ տաք ըմպելիք և դիտել կամ շփվել սրճարանի բնակիչների, այսինքն՝ սողունների հետ: Այս սրճարանն, ասես, ամբողջ Ասիայում այժմ շատ տարածված կատուների բազմաթիվ սրճարանների հակակշիռը լինի: Մարդկանց դուր է գալիս շփվել սրճարանի սողունների հետ:
Ալեթեա Լիմ (սողունների սրճարանի հաճախորդ) - Ինձ միշտ հետաքրքրել են օձերը, իգուանաները, և նմանատիպ այլ սողունները: Սակայն ես տանը դրանց պահելու հնարավորություն չունեմ: Սովորաբար, եթե կենդանիների խանութ ես գնում, թույլ չեն տալիս դիպչել դրանց: Մինչդեռ այս սրճարանում կարող ես ազատ շփվել սողունների հետ: Սա հիանալի վայր է:
Սրճարանը մի քանի ազատավանդակ ունի, որոնցից յուրաքանչյուրում մի քանի սողուն է ապրում: Սրճարանի աշխատակիցները սիրով պատասխանում են հաճախորդների բոլոր հարցերին: Այստեղ ապահովում են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց անվտանգությունը:
Սրճարանի սեփականատեր Յապն ասում է, որ հույս ունի մարդկանց մոտ ավելի լավ վերաբերմունք ձևավորել սողունների և այլ կենդանիների նկատմամբ, որոնք սովորաբար համարվում են ոչ գրավիչ:
Յապ Մինգ Յան (սողունների սրճարանի սեփականատեր) - Մարդիկ սովորաբար հոգ են տանում միայն մորթի ունեցող կենդանիների ՝ կատուների, շների մասին: Բայց միշտ անտեսում են սողուններին և օձերին:
Մալայզիան կենսաբազմազանությամբ հարուստ երկիր է, որտեղ կա սողունների մեծ տեսականի, ինչպիսիք են օձերը, մողեսները, կոկորդիլոսները: Դրանց կարելի է հանդիպել հիմնականում խիտ արևադարձային ջունգլիներում կամ նույնիսկ քաղաքային վայրերում:
Սողունները կարևոր դեր են խաղում ցանկացած կենսահամակարգում՝ երբեմն հանդես գալով որպես գիշատիչներ կամ ունենալով այլ դերակատարումներ վայրի բնության սննդի շղթայում:
ԵԳԻՊՏՈՍ
ԳԻԶԱՅԻ 4500-ԱՄՅԱ ՄԵԾ ԲՈՒՐԳՈՒՄ ՄԻՋԱՆՑՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հնագիտության ոլորտի Եգիպտոսի պաշտոնյաները հայտարարել են Գիզայի Մեծ բուրգի գլխավոր մուտքի հետևում թաքնված ինը մետր երկարությամբ միջանցքի հայտնաբերման մասին: Նրանց կարծիքով, դա կարող է հանգեցնել հետագա բացահայտումների: Գիզայի Մեծ Բուրգը կամ Քեոփսի բուրգը Հին աշխարհի յոթ հրաշալիքներից վերջինն է, որ դեռ կանգուն է:
Ահմեդ Իսսա (Եգիպտոսի զբոսաշրջության նախարար) - Այսօր մենք հայտարարում ենք այս կարևոր նախագծի արդյունքները, որը ցույց է տվել միջանցքի առկայությունը Քեոպսի բուրգի հյուսիսային կողմում՝ մոտ 9 մետր երկարությամբ և մոտ 2,10 մետր լայնությամբ: Ցանկանում եմ հաստատել, որ մենք կշարունակենք աշխատել և որոնել՝ օգտագործելով տեխնոլոգիաները և առաջադեմ գիտական մեթոդները, որոնք անվտանգ են՝ բացահայտելու Հին Եգիպտոսի գաղտնիքները:
Բացահայտումն արվել է Scan Pyramids նախագծի շրջանակում, որը 2015 թվականից ի վեր, ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում սկանավորումներ և էնդոսկոպներ է օգտագործում՝ բուրգի ներսը դիտարկելու համար:
Անավարտ միջանցքն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է բուրգի ծանրությունը թեթևացնելու համար կամ գլխավոր մուտքի վրա, որը գտնվում է յոթ մետր ներքև, կամ դեռևս չբացահայտված մեկ այլ սենյակի կամ տարածության վրա:
Մեծ բուրգը կառուցվել է որպես մոնումենտալ դամբարան Ք.ա. մոտ 2560 թվականին՝ Խուֆու փարավոնի կամ Քեոփսի օրոք։
Այն ունի 146 մետր բարձրություն՝ մարդկության կողմից ստեղծված ամենաբարձր կառույցը մինչև 1889 թվականը, երբ կառուցվեց Փարիզի Էյֆելյան աշտարակը:
ՄԵՔՍԻԿԱ
ՄԵՔՍԻԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ ՆՇՈՒՄ Է ԼՈՒՍՆԱՅԻՆ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ
Մեխիկոյում բացվել է ցուցահանդես՝ նվիրված նախաիսպանական լուսնային աստվածուհու քանդակի հայտնաբերման 45-ամյակին:
Մեխիկոյի Templo Mayor թանգարանը կազմակերպել է ցուցահանդես՝ ի պատիվ մեքսիկական լուսնային աստվածուհու քանդակի, որը հայտնաբերվել է 1978 թվականին:
Գտածոն մեքսիկական հնագիտության պատմության մեջ կարևոր իրադարձություն էր, քանի որ այն լույս է սփռել Մեքսիկայի կամ ացտեկների մշակույթի վրա՝ նախքան 1521 թվականին իսպանացիների ձեռքն ընկնելը:
Ցուցահանդեսում ներառված է 158 հնագիտական նմուշ, ինչպիսիք են լուսնային նապաստակի քանդակը կամ պատերազմի տիրակալ Թլալթեքուհթլիի քանդակը:
Ացտեկները պատերազմասեր և մեծապես կրոնավոր մարդիկ էին, որոնք կառուցում էին մոնումենտալ գործեր, կառավարում մի կայսրություն, որը ձգվում էր Մեքսիկական ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս և ընդգրկում ժամանակակից կենտրոնական Մեքսիկայի մեծ մասը։ Նրանց հիմնականում արյունալի թագավորությունն ավարտվեց, երբ 1521 թվականին սկսեցին ենթարկվել իսպանացիներին՝ Էռնան Կորտեսի գլխավորությամբ: Երբեմնի թագավորության ավերակներն այժմ ընդամենը մի քանի մետր են հեռու Մեխիկոյի կենտրոնից: