Ալիմենտի սպասող երեխայի, պետբյուջեի, բանկերի և այլ պահանջատերերի օգտին Հարկադիրը մեկ տարում բռնագանձել է 51 մլրդ դրամ։ Գումարը ներառում է ինչպես պարտապան քաղաքացիներին ու բիզնեսին վճարված, այնպես էլ տարբեր խախտումների, ասենք՝ մոնոպոլ դիրքը չարաշահած տնտեսվարողից կամ շատ արագ քշել սիրող վարորդից հարկադրաբար գանձած տուգանքները։ Վիճակագրությունը երկրի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի սեղանին է։ Պատկերը հետևյալն է․ ծառայությունում 2022-ին ընթացք ստացած 2 մլն 650 հազար կատարողական վարույթից 2 մլն-ը հարուցվել է վարչական տարբեր ակտերի, այդ թվում իհարկե՝ ճանապարհային տուգանքների հիման վրա։
Վահե Մովսիսյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ) - Ընդհանուր բռնագանձված 51 մլրդ գումարից շուրջ 5 մլրդ 900 հազարը բռնագանձվել է ՃՈ-ի օգտին վարույթներով, որը կազմում է ընդհանուրի 11 տոկոսը:
Մովսիսյանն ասում է՝ եթե մարդիկ ժամանակին վճարեն ակտերը, հարկադիրը նրանց ֆինանսական հաշիվների կամ գույքի վրա կալանք չի դնի։ Բայց իրենց գործն է այդպիսին․ բարդ, հատկապես երբ խնդիրը բնակիչներին տնից վտարելն է։ Նախորդ տարի նման 190 վարույթ են ունեցել։ Կառուցապատողն է պահանջել, թե բանկերը՝ չվճարած վարկերի դիմաց՝ հստակ չէ։ Ամենախոշոր գումարի ապահովման վարույթը 2022-ին ստացել են դատարանից․ ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքին խաբեությամբ տիրանալու գործ է։
Վահե Մովսիսյան - Եղել է 8,5 մլրդ դրամի բռնագանձման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթ, մեկ ֆիզիկական անձից՝ այո։
- Բռնագանձվե՞լ է:
- Դեռ ոչ, վարույթն ընթացքում է:
Հարկադիրում պնդում են՝ հնացած է մեղադրանքը, թե բռնագանձվող գույքը իրենց ծանոթ-բարեկամներն են ցածր գներով առնում։ Իրացման ենթակա ապրանքները դրվում են էլեկտրոնային աճուրդի։ Ծառայության կայքում բոլորը կարող են տեսնել, բաց ինֆորմացիա է՝ մեկնարկային գին, լոտ, նկարներ, տուն-հողամասի դեպքում՝ նաև գտնվելու վայր՝ քարտեզի վրա բացատրում է աշխատակիցը։
Անժելիկա Վազգենյան (ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ աշխատակից) - Անշարժ գույք, տրանսպորտային միջոց, ոսկեղեն, կապի միջոցներ՝ կատեգորիաներով առանձնացված են, կարող ենք մտնել անշարժ գույք, օրինակ, սա՝ բնակելի տուն:
Աճուրդին մասնակցելու համար արդեն պետք է գրանցվել։ Կայքի «Անձնական գրասենյակ» բաժնում էլ կարող են գրանցվել նրանք, ովքեր ուզում են մեկ քլիքով ստուգել՝ հարկադիրն իրենց նկատմամբ ճանապարհային պարեկից կամ բանկից բռնագանձման պահանջ հո չի ստացել։
Մերի Մանուկյան (ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ աճուրդների կազմակերպման բաժնի գլխավոր խորհրդատու) - Քաղաքացու անվամբ հարուցված կատարողական վարույթները, լինի վարչական տուգանքներ կամ այլ հիմքով բռնագանձման ենթակա կատարողական վարույթ, ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է «Անձնական գրասենյակ» հատվածում:
Ծառայությունն այժմ ծրագրային վերազինում է սկսել, որ արագացնի արգելանքից գույքի ազատումը։ Համակարգից բողոքներն այդ քաշքշուկին են վերաբերում՝ անկեղծանում է Վահե Մովսիսյանը։ Հարկադիրին շատերը չեն սիրում, բայց իրենք միայն անդրադարձնում են երկրի սոցիալ-տնտեսական պատկերը, օրինակ՝ ամուսնալուծությունների ավելանալու հետ շատացել են ալիմենտի վարույթները։
Վահե Մովսիսյան - Ալիմենտ բռնագանձելու կատարողական թերթերով ընթացք է տրվել 4000 կատարողական թերթի, որը 2000-ով ավելի է նախորդ տարվանից:
Այստեղ նաև վճարող քաղաքացու աշխատատեղի փոխվելուց հետո վարույթի ավտոմատ թարմացումն է դեր ունեցել, բայց, այո՛, նաև Հայաստանում են սովորական դառնում ալիմենտն ու հարկադիրի միջնորդությամբ երեխային տեսակցելու դեպքերը։ Անցած տարի նման 994 վարույթ է եղել։