Ֆիզիկա-մաթեմատիկայով հետաքրքրվածներն Էջմիանի 5-րդ ավագ դպրոցում էին՝ ներկա գտնվելու Ռոբերտ Ավանեսյանի հեղինակած ֆիզիկայի օլիմպիական խնդիրների քառահատորյակի շնորհանդեսին: Հանրապետության ավելի քան 140 դպրոց արդեն կիրառում է օլիմպիական հավաքածուն. գրքերը հեղինակն է նվիրել դպրոցներին:
Ջանիբեկ Սերոբյան (Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ) - Եզակի է այն առումով, որ դասավորված է ըստ թեմաների՝ կինեմատիկա, դինամիկա, մենք ունենք շատ հրաշալի խնդրագրքեր, բայց սա կօգնի նաև ուսուցչին՝ զարգանալու համար:
Հեղինակը ձեռնարկն այնպես է կազմել, որ էջերը թերթելիս երեխայի մոտ հետաքրքրություն առաջանա ֆիզիկայի նկատմամբ: Դրա պակասն անձամբ է արձանագրել:
Ռոբերտ Ավանեսյան (Ֆիզիկայի օլիմպիական խնդիրների քառահատորյակի հեղինակ) - Այս տարի հանրապետական օլիմպիադային մասնակցում էր 80-ից ավելի աշակերտ, որից Արմավիրն ուներ 3, Լոռին՝ 2, Կոտայքը՝ 1 մասնակից: Պետք է այս բացը լուծենք, որովհետև առանց այդ գիտական պոտենցիալի չենք կարող: Պետք է ռազմարդյունաբերություն զարգացնենք, գիտությունը զարգացնել, երկիրը կայացնել:
Ժողովածուն երաշխավորել են ԿԳՄՍՆ-ն ու Կրթության ազգային ինստիտուտը: Բացի իր կազմած խնդիրներից, հեղինակը հատորներում ներառել է նաև ֆիզիկայի դասագրքերից ու տարբեր օլիմպիադաներից հավաքած խնդիրներ: Դրանց մի մասը լուծումներով է, մյուսները՝ առանց: Լուծումներով տարբերակը, ըստ աշակերտների, օգնում է ինքնուրույն հաղթահարել առաջադրանքը:
Միհրան Երեմյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի աշակերտ) - Սկզբում սովորեցնում է խնդիրը լուծելու ձևը, հետո թույլ է տալիս, որ մենք լուծենք:
Ուսումնաօժանդակ ձեռնարկը թեև ավագ դպրոցի համար է, բայց Էջմիածնի 4-րդ հիմնական դպրոցի ֆիզիկայի օլիմպիական խումբն արդեն այս խնդրագրքերով է պարապում:
Սուսաննա Մկրտչյան - Լավ կլիներ, որ հիմնական դպրոցի աշակերտների մակարդակի լիներ, չնայած օլիմպիական երեխաները դա պետք է հաշվի չառնեն, պետք է գիտելիքներով հարուստ լինեն: Մենք աշխատում ենք նաև դա կիրառել:
Գործընկերները ժողովածուի ստեղծման ընթացքում հեղինակին խորհուրդ են տվել զերծ մնալ բարդ խնդիրներից: Ավանեսյանը գտել է ոսկե միջինը:
Նորիկ Գրիգորյան (Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Այս ժողովածուի արժեքն այն է, որ հեղինակը մանրամասն վերլուծել է բարդ խնդիրները: Մենք հորդորում ենք հեղինակին, որ կանգ չառնի, կարծում եմ՝ այդպես էլ լինելու է:
Կանգ առնել չի պատրաստվում: Կազմելու է նաև 5-րդ և 6-րդ հատորները, որոնք ներառելու են էլեկտրականություն և մագնիսականություն բաժինները: