Մեկ ամսից մի քիչ ավելի, ու այս ջրանցքով ոռոգման ջուրը կհասնի ծարավ հողին: Ոռոգման երկու սեզոն է՝ Բաղրամյանի ու Մյասնիկյանի շուրջ 1000 հա վարելահողերը ջուրը ստանում են առանց կորստի՝ նորակառույց ջրանցքով:
Աշոտ Խաչատրյան («Շենիկ» ՋՕ ընկերության շահագործման գծով փոխտնօրեն) - 40-50 տարեկան քայքայված բետոնե ջրանցք էր, վերակառուցվեց, ջրի տնտեսման հետ կապված ահագին հողեր ավելացել են, ժողովուրդը կարողանում ա անհրաժեշտ քանակի ջուր ստանա:
2016-ին ուժի մեջ մտած համաձայնագրով ՀՏԶՀ-ը պետք է արդիականացնի հանրապետության ոռոգման համակարգը: Դրա համար 40 մլն դոլար տրամադրեց Եվրասիական զարգացման բանկը, ևս 10 մլն դոլար էլ համաֆինանսավորեցին Կառավարությունն ու համայնքները: Ակտիվ շինարարական գործընթացը մեկնարկեց 2020-ին, մինչև այս պահը ավարտված և ընթացիկ աշխատանքների համար հիմնադրամը 35 մլն դոլար է ծախսել: Ծրագիրը 4 բաղադրիչ ունի:
Աշոտ Խաչատրյան - Առաջին բաղադրիչը՝ մեխանիկական ոռոգման եղանակով իրականացվող ոռոգման համակարգերը փոփոխվում են ինքնահոս համակարգի: Ծրագրի երկրորդ բաղադրիչը իր մեջ ընդգրկում է մայր և երկրորդային ջրանցքների վերականգնման ծրագիրը: Երրորդ բաղադրիչով իրականացնում ենք ներտնտեսային ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ:
Վերջին բաղադրիչով հիմնադրամը զարգացնում է ՋՕԸ-ների կառավարման կարողությունները և տեխնիկապես վերազինում: Մինչև 2022-ի ավարտը հիմնադրամը մոտ 2.4 մլրդ դրամով կառուցել է 7 ինքնահոս ոռոգման համակարգ՝ մոտ 37.5 կմ: Վերականգնել են 5 մայր՝ 8.8 կմ և երկրորդ կարգի 22 ջրանցքներ՝ 55.9 կմ, ընդհանուր ծախսելով մոտ 4 մլրդ դրամ: 105 բնակավայրում էլ հիմնանորոգել է ներտնտեսային ոռոգման մոտ 261 կմ երկարությամբ համակարգ՝ 7.4 մլրդ դրամով: 104 համայնքում աշխատանքներն ավարտված են:
Աշոտ Խաչատրյան - Ծրագրով ընդգրկում են հիմնականում այն մայր, երկրորդային ջրանցքներն ու ներտնտեսային համակարգի այն հատվածները, որոնք առավել վթարված են, որտեղ ջրային կորուստները բարձր են՝ շուրջ 90 տոկոս, իսկ ներտնտեսային համակարգում հիմնականում ընդգրկում են այն հատվածները, որտեղ ոռոգումը կատարվում է հողային հունով, և էդ տեղերում էլի բարձր են ջրային կորուստները:
Կորուստները պակասում են, նոր ջրանցքներն էլ ջուրը հասցնում են նաև այն տարածքներ, որոնք ոռոգելի չեն եղել՝ ծրագրի ազդեցությունը շարունակեց ներկայացնել Աշոտ Խաչատրյանը: Առաջին փուլից հետո հիմնադրամը մոտ 15 մլն դոլարի խնայողություն է արել, գումարը կրկին ուղղել ջրանցքների կառուցմանը: Ծրագրի վերջնական արդյունքով՝ 2025-ին կլինի 15.1 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիայի տնտեսում, 8 պոմպակայան կդադարի շահագործվել, յուրաքանչյուր տարի շահագործման ծախսերը կկրճատվեն 360 մլն դրամով, 11.8 հազար հա-ով կավելանան ոռոգվող հողատարածքները, մոտ 131 կմ մայր ու երկրորդ կարգի ջրանցք կվերականգնվի, 277 կմ էլ՝ ներտնտեսային ոռոգման համակարգ: Այս ամենից կօգտվի մոտ 171 հազար մարդ:
ՏԶՀ-ի իրականացրած այս ծրագիրը միակը չէ, որով երկրում ոռոգման համակարգն արդիականացվում է: 2022-ի սուբվենցիոն ծրագրերով հաստատվել է ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման 22 հայտ՝ 6.5 մլրդ դրամ արժեքով: Նախատեսվում է 509 կմ ոռոգման համակարգ կառուցել-նորոգել: 10 ծրագիր արդեն ավարտվել է՝ մոտ 103 կմ համակարգ է կառուցվել, մյուս 12 ծրագիրը ընթացքի մեջ է: Սուբվենցիայով ոռոգման համակարգ անցկացնելու հայտերը նախորդ տարիներին 7-8-րդն էին պահանջված ծրագրերի ցանկում, այս տարի՝ 4-րդը:
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Արդեն ամբողջական փաթեթների մեջ կարող եմ ասել, որ ոռոգումը շուրջ 20 փաթեթ ա, բավականին թանկ արժեքներով՝ 10 մլրդ-ի չափով ընդհանուր:
Այս տարվա հայտերը դեռ ամբողջությամբ հաստատված չեն: ՏԿԵՆ-ում կարծում են, որ 2023-ի ընդհանուր պատկերում ոռոգման փաթեթների թիվը կաճի: Եվ չնայած այս տեմպերին, Հայաստանի ոռոգման համակարգում դեռ շատ բացեր կան՝ հիմնադրամի կատարած ուսումնասիրությունն է փաստում: Պատճառն այն է, որ համակարգը նախորդ դարի 60-ականներին է կառուցվել, ջրատարների մեծ մասը վթարային է: Լիարժեք արդիականացումը մոտ 2 մլրդ դոլար կարժենա՝ վստահեցրեց ՏԶՀ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրենը: Հիմա միջգերատեսչական խումբը մշակում է ջրային կառավարման, ոռոգման համակարգերի զարգացման հայեցակարգ, որից հետո կկազմվի նաև համապարփակ ռազմավարություն: Գյուղնշանակության հողերի արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության զարգացման 2020-30 թվականների ռազմավարության առաջնահերթություններից է: Հանրապետությունում 2 մլն 40 հազար հա գյուղնշանակության հող կա, 442 հազարը վարելահողեր են, մնացածը՝ արոտավայրեր, խոտհարքներ ու բազմամյա տնկարկներ:
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ) - Հազար հա վարելահողից, ըստ հողային հաշվեկշռի, փաստացի ոռոգելի է համարվում 116 հազար հա, որը խոսում է այն մասին, որ շուրջ 26 տոկոսն է, որ ոռոգելի է:
Կարևոր է, որ ոռոգելի հողերը ավելանան տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Դա կապահովի նաև ջրային ռեսուրսների խնայում՝ ընդգծեց Իռա Փանոսյանը: Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի ծրագիր է իրականացնում՝ ուղղված հողերի արդյունավետ օգտագործմանն ու ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը: Դրանց օրինակներից է հողերի կոնսոլիդացիայի ծրագիրը:
Իռա Փանոսյան - Այն տնտեսվարողները, որոնք ունեն գյուղատնտեսական նշանակության հողակտորներ, որոնք չեն օգտագործում և ցանկություն ունեն վաճառելու կամ վարձակալության տրամադրելու, կարող են դիմել գյուղատնտեսական ծառայությունների ՊՈԱԿ, ՊՈԱԿ-ը կարող է ձեռք բերել այդ հողակտորները, կոնսոլիդացնել և տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք որ ցանկություն ունեն մեծ հողակտորները գյուղատնտեսություն վարել:
Պետության ձեռնարկած այս գործընթացը կարող է նաև մասնավորն անել, այդ դեպքում կառավարությունը կսուբսիդավորի անհրաժեշտ ծախսի կեսը:
Իռա Փանոսյան - Սա հնարավորություն կտա, որ նախ՝ հողերի բերրիությունը բարելավվի, և մյուսը՝ ջրավազանի կառուցմամբ հնարավորություն կտա ոռոգման հետ կապված խնդիրը կարգավորել: Ընդհանուր առմամբ եթե դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ 2022 թվականին, ներառյալ ինտենսիվ այգեգործության հիման բաղադրիչը, շուրջ 3000 հա հայտեր են հաստատվել, որը հնարավորություն կտա շուրջ 3000 հա ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգում ապահովել:
Երկրում ջուրը կառավարելի դարձնելու գլխավոր գործոնը ջրամբարաշինությունն է՝ պնդում են մասնագետները: Հայաստանում հիմա 82 ջրամբար կա, Կառավարության 2021-26 թթ. ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 15-ը: Այս տարվա կեսին կավարտվի Վեդիի ջրամբարի կառուցումը, զուգահեռ կմեկնարկի Կապսինը: Վեդիում կամբարվի 29 մլն խմ ջուր, ինքնահոս եղանակով կոռոգվի 3600 հա հողատարածք: Կարժենա 90 մլն եվրո: Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը կազմակերպում է նաև Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները: Առաջին փուլի ավարտին հնարավոր կլինի ամբարել մինչև 25 մլն խմ ջուր, երկրորդ փուլով ծավալը կավելացնեն՝ հասցնելով 60 մլն խմ-ի: Հիմա Հայաստանը բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ՝ Մաստարայի ջրամբարի կառուցման շուրջ:
Տեղումների սակավության առումով այս տարին նման է 2022-ին: Ձմռան առաջին երկու ամիսներին տեղումների քանակը նորմայից պակաս է եղել:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Օդի ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով: Հունվարը եղել է խիստ, անոմալ չոր, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի ընդամենը 20-40 տոկոսը:
Փետրվարին, թեև ջերմաստիճանը կրկին նորմայից բարձր էր, ձյան առատ տեղումներ եղան:
Գագիկ Սուրենյան - Եթե ձնածածկույթը համեմատենք բազմամյա միջին արժեքի հետ, մի փոքր՝ մոտ 10-20 սմ-ով նորմայից պակաս է:
Մեր երկրի կլիմայական պայմանները հաշվի առնելով, միշտ չէ, որ ձնածածկույթն է որոշիչ դեր խաղում ջրի պահեստավորման հարցում: 2020-ին, օրինակ՝ ձյունը նորմայից պակաս էր, բայց գարնան անձրևները հորդառատ էին, և ջրի խնդիր չառաջացավ: Այս տարի ևս վիճակագրությունն ու գյուղացու բերքը գարնան քմահաճույքներից են կախված: