Արդեն 10 օրից ավելի է՝ Եվրամիության առաքելության դիտորդները Հայաստանում են՝ շարունակելով մնալ Ռուսաստան-Ադրբեջան ամենաքննարկվող թեմաներից մեկը:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին էր Հայաստանը դիմել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում քաղաքացիական առաքելություն նշանակելու խնդրանքով։ Եվրոպական խորհուրդն առաքելության ստեղծման մասին որոշումն ընդունեց մոտ 1 ամիս անց՝ 2023-ի հունվարի 23-ին։ Փետրվարի 20-ից դիտորդներն արդեն Հայաստանում են:
Ովքեր են ներգրավված առաքելության շրջանակում, ինչպես են իրականացնում սահմանի դիտարկումները և ինչ հաճախականությամբ են զեկուցում Բրյուսելին:
Առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը՝ ազգությամբ գերմանացի: Հարավային Սուդան, Կոսովո, Աֆղանստան, Վրաստան՝ տարբեր թեժ կետերում է եղել: Առաջիկա 2 տարին Հայաստանում է լինելու:
Դրոշ, համազգեստ, հեռադիտակ՝ ամենօրյա պարեկության անբաժան պարագաներն են:
Մարկուս Ռիտեր (Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար) - Մենք ունենք երեք խնդիր: Առաջինը՝ պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանի հետ սահմանի, և զեկուցել այդ ամենի մասին: Երկրորդը՝ պարեկության միջոցով ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ դա նշանակում է այցելել գյուղեր, սահմանամերձ շրջաններ՝ այդկերպ մարդկանց ցույց տալով, որ մենք այստեղ ենք, և մեր խնդիրը նրանց մասին հոգ տանելն է: Եվ երրորդը՝ վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն է, բայց դա արդեն ապագայի հարց է: Այժմ առաջնայինը սահմանի երկայնքով իրավիճակի դիտարկման խնդիրն է:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է: Վայրի ընտրությունը ևս պատահական չէ:
Մարկուս Ռիտեր - Եղեգնաձորն է ընտրվել, քանի որ առաքելության նպատակն է հնարավորինս մոտ լինել երկու երկրի միջև սահմանին: Ցանկանում ենք ցույց տալ, որ առաքելությունը միայն հայկական կողմի համար չէ, այդ իսկ պատճառով այն չտեղակայվեց Երևանում, այլ Ադրբեջանի հետ սահմանին: Մենք ունենք ենթակայաններ, որոնցից մեկը Մարտունիում է:
Նաև Իջևանում, Ջերմուկում, Կապանում, Գորիսում: Շեշտում է՝ այդպիսով ծածկում են Ադրբեջանի հետ սահմանը՝ ողջ երկարությամբ: Պարեկությունը երբեմն 24 ժամ կարող է տևել՝ ամեն ինչ կախված է անհրաժեշտությունից, նաև եղանակից: Հիմա, երբ դեռ ձմեռային եղանակը պահպանվում է, դժվար է հասնել լեռնային շրջաններ:
Չնայած առաքելությունը սկսել է իր աշխատանքները, դրա դեռ ոչ բոլոր անդամներն են Հայաստանում՝ Ռիտերն է մանրամասնում:
Մարկուս Ռիտեր - Այս պահին մոտ 50-ն են տեղում, մարտ-ապրիլ ամիսներին արդեն բոլորը կժամանեն:
Առաքելության կազմում ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներն են ընդգրկված:
Մարկուս Ռիտեր - Ներկայացուցիչներ ունենք ԵՄ անդամ 25 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Շվեդիայից և այլ երկրներից:
Ապագայում ԵՄ առաքելությունը նախատեսում է որոշ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիների:
Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ շեշտված էր, որ առաքելության կազմում ներգրավված են 50 անզեն դիտորդներ, ինչը շահարկումների ալիք էր բարձրացրել մյուս 50-ի հետ կապված: Ռիտերը մանրամասնում է՝ մյուս 50-ը ադմինիստրատիվ անձնակազմն է լինելու:
Մարկուս Ռիտեր - Մենք ունենք դիտորդներ, բայց նաև ադմինիստրատիվ անձնակազմի կարիք ունենք: Առաքելության աշխատանքներում ներգրավված են նաև անվտանգության մասնագետներ, բժիշկներ, ինչպես նաև զեկուցողներ:
Առաքելության ղեկավարն անընդհատ ընդգծում է՝ կարևորը սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովումն է:
Մարկուս Ռիտեր - Մենք կանոնավոր պարեկություն ենք անում՝ այցելելով գյուղեր, որոնք այս հակամարտության ազդեցության գոտում են: Մեր ներկայությամբ տեղացիներին ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունը այստեղ է նրանց պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք, որ մարդիկ իրենց անվտանգ ու ապահով զգան:
Առաքելության ղեկավարը շեշտում է՝ իրենց գործունեությունը թափանցիկ է:
Մարկուս Ռիտեր - Մենք ունենք հեռադիտակներ, GPS սարքավորումներ, դա ամեն է, ինչ մենք օգտագործում ենք, մենք միայն ցույց ենք տալիս մեր դրոշը և կատարում դիտարկում: Մենք չունենք հատուկ տեխնիկական սարքավորումներ:
Դիտարկումների ընթացքում, ըստ անհրաժեշտության, նաև լուսանկարում են:
Առաքելությունը զեկուցում է Բրյուսել՝ ամեն շաբաթ և փակ ձևաչափով:
Մարկուս Ռիտեր - Ոչ միայն սահմանին տիրող իրավիճակի մասին, այլև մեր կատարած աշխատանքի մասին, այսինքն՝ ամեն շաբաթ ենք տեղեկացնում այն մասին, ինչ անում ենք: Զեկույցները փակ են, մենք դրանք միայն Բրյուսելին ենք իրավասու փոխանցել, և արդեն այնտեղ կարող են որոշել՝ հրապարակել դրանք, թե ոչ:
Ավելի քան 1 շաբաթ իրականացված դիտարկումների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում դեռ չեն արձանագրել, նշում է առաքելության ղեկավարը:
Մարկուս Ռիտեր - Մեր ներկայությունը, կարծես, ինչ-որ չափով ազդում է իրավիճակի վրա, որովհետև երկու կողմն էլ տեղյակ է, որ միջազգային դիտորդական խումբ կա այստեղ:
Անցած օրերի միակ դժվարությունը, որ հանդիպել են, եղանակային պայմանների հետ են կապված:
Մարկուս Ռիտեր - Դժվարությունները եղանակային պայմաններով են պայմանավորված, ձմեռ էր, ձյուն, ճանապարհները՝ սառած: Եղել են դեպքեր, որ չենք կարողացել հասնել այն վայրեր, որտեղ ցանկացել ենք: Հույս ունենք, որ գարնանը և ամռանը եղանակը լավը կլինի: Այլ խնդիրների չենք բախվել: Մեր առաքելությունը դեռ ամրապնդման փուլում է, ունենք որոշակի լոգիստիկ խնդիրներ՝ ողջ անձնակազմին այստեղ տեղափոխելու հետ կապված, սակայն կարող եմ ասել, որ աշխատանքները բավական լավ են ընթանում:
Տեղում, հատկապես՝ ռիսկային տեղանքներում, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը ըստ անհրաժեշտության է:
Ժպիտով տեղի բնակիչների հետաքրքրվածությունից է պատմում՝ մոտենում են, տուն հրավիրում, ցանկանում ինչ-որ բան հյուրասիրել: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն ունի 2 տարվա մանդատ: Օրերս Հայաստանում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ավելի շուտ կստորագրվի, և եվրոպական դիտորդների կարիք արդեն չի լինի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան