Բնակելի շենքերի, կրթական ու առողջապահական հաստատությունների, նորոգված ճանապարհների, համայնքային նշանակության կառույցների ու այլ տիպի շինարարության համար 2022-ին ծախսվել է 541 մլրդ դրամից ավելի: Նախորդ տարվա համեմատ աճը 12.5 տոկոս է: 3 ճյուղի տեսակարար կշիռը ամբողջի 70 տոկոսից ավելին է:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Այդ ոլորտները հետևյալն են՝ անշարժ գույքի հետ կապված գործունեություն, որը պայմանավորված է և ձեռք բերված վարկային միջոցներով, որը ուղղվել ա նաև անշարժ գույքին և մասնավոր կազմակերպությունների կողմից շինարարության ոլորտում արված հսկայական ներդրումներով, որոնք 51 մլրդ-ով ավելի են նախորդ տարվա համեմատությամբ:
Մյուս երկու գերակշռող ճյուղերն են՝ ճանապարհաշինությունը, որի մասնաբաժինը 104 մլրդ դրամ է, աճը՝ 16.2 տոկոս, և ենթակառուցվածքների շինարարությունը՝ էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատարներ և այլն: Այս ճյուղի մասնաբաժինը 84 մլրդ է, բայց ի տարբերություն մյուս երկու ճյուղերի, այստեղ 35 տոկոսից ավելի անկում է գրանցվել: Ինչպես կանխատեսվում էր, զգալի մասը բնակարանաշինությանն է՝ 202 մլրդ դրամից ավելի շրջանառությամբ՝ նախորդ տարվա համեմատ 51.6 տոկոս աճով:
Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Ներկայումս կառուցապատումը ունի ակտիվ տեմպերով զարգացում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դրանցից ամենակարևորը, որ կցանկանայի արձանագրել, կապված է եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրին: Բոլոր պոտենցիալ գնորդները, ովքեր նպատակ ունեին ձեռք բերել անշարժ գույք և ցանկանում էին օգտվեն եկամտահարկի հետ վերադարձի ծրագրի կարգավորումներից, շտապում են օգտագործել մի քանի տարվա հնարավորությունը:
Նույն սկզբունքով ակտիվ են նաև կառուցապատողները: Ընկերություններից մեկի հիմնադիրը վստահեցնում է, որ 4 շենքերից բաղկացած իր թաղամասում բնակարանների 90 տոկոսն արդեն վաճառված է, թեև շինարարությունը միայն հաջորդ գարնանն են ավարտելու: Փաստում է, որ ակտիվությունը առաջնահերթ եկամտահարկի վերադարձի հետ է կապված, թվարկում է նաև ակտիվության վրա ազդող այլ գործոններ:
Խաչիկ Սահակյան («Լույսեր» թաղամասի հիմնադիր) - Երկրորդ գործոն կնշեի՝ մի քիչ լավատեսական, բայց ինչի չէ, հայրենադարձություն սկսվեց այս վերջին մի քանի տարիներին դեպի Հայաստան՝ իրավիճակներով պայմանավորված, և նրանց կողմից էլ բավականին շատ ակտիվություն կա: Էն մարդիկ, որ 90-ականներին լքել են Հայաստանը, հիմա գալիս են հետ, բնակարան ձեռք բերում, մենք շատ ունենք նման գնորդներ թե Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, մոտ 30 երկրից մեր մոտ գնորդներ կան:
Եկամտահարկի հաշվին հիփոթեքի տոկոսների մարման ծրագիրը գործարկվեց 2015 թվականին և մայրաքաղաքում փուլ առ փուլ ուժը կկորցնի մինչև 2025 թվականը: Քաղաքաշինության կոմիտեն արդեն որոշ կառուցապատողների հետ հանդիպումներ է ունեցել, քննարկել են 2025-ից հետո բնակարանաշինության հեռանկարները և նոր ուղղությունները:
Դավիթ Գրիգորյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Արդեն կա միտում Երևանից տեղափոխել բավականին մեծ քաղաքաշինական ծրագրեր Երևանին մերձակա մարզեր: էնտեղ ևս նկատվում է որոշակի ակտիվություն շինարարական:
Մայրաքաղաքի սահմանակից 4 մարզերում հնարավոր է որոշակի շարժ նկատվի, թեման շարունակում է Գուրգեն Գրիգորյանը, սակայն հեռավոր մարզերում խոշոր ծրագրերի իրականացումը բիզնես տեսանկյունից ձեռնտու չէ: Պահանջարկը բավարար չի լինելու՝ պնդում է կառուցապատողը:
Խաչիկ Սահակյան - Եթե խոսքը գնա մեծ համալիրների մասին, էնտեղ միայն օրենքի վրա հույսը դնելը շատ քիչ է, պետությունը պետք է այլ քաղաքականություն նույնպես մշակի, ա՛յ, օրինակ՝ հայտարարվեց՝ Աշտարակ քաղաքը դարձնում են ակադեմիական քաղաք, դա իհարկե կնպաստի Աշտարակում բնակարանաշինությանը:
Ասոցիացիայի անդամները քննարկել և պետական շահագրգիռ կառույցներին մի քանի առաջարկ են ներկայացրել:
Գուրգեն Գրիգորյան - Նախևառաջ ամենակարևորը վերաբերում է հնամաշ բնակֆոնդի ռենովացիայի ծրագրին: Մեր պատկերացումները ներկայացրել ենք, մի շարք քննարկումներ ենք ունեցել, որ հնարավորինս լավ տարբերակի հանգենք: Մյուս առաջարկը վերաբերում է եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ երկրորդ անշարժ գույքի ձեռքբերմանը Երևանից որոշակի հեռավորության վրա կառուցվող շենքերում:
Ռենովացիայի նախադեպ արդեն եղել է Երևանում՝ ասում է կոմիտեի փոխնախագահը, նման ծրագրեր մեր երկրին անհրաժեշտ են և պետք է համարվեն առաջնահերթություն: Դավիթ Գրիգորյանն ասում է՝ պետք է տեխնիկապես գնահատել բնակֆոնդը և սահմանել ցանկ՝ սկսել ամենավատ վիճակում գտնվող շենքերից:
Վերադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, նախորդ տարի շինարարության ամբողջ ծավալի 43 տոկոսից ավելին կրկին բաժին է հասել Երևանին՝ ավելի քան 234 մլրդ դրամ, հաջորդում են Կոտայքը՝ ծավալի մոտ 12, և Սյունիքը՝ 9.7 տոկոս մասնաբաժիններով: Վիճակագրություն կա նաև ֆինանսական աղբյուրների վերաբերյալ: Առաջատարը մասնավորն է:
Մասնաբաժնի մյուս խոշոր հատվածը բյուջետային միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներն են՝ 147 մլրդ դրամ: Համայնքային բյուջեի հաշվին իրականացված շինարարական ծավալներն աճել են 44.5 տոկոսով՝ կազմելով 32 մլրդ դրամ: 2022-ի շինարարության ընդհանուր ծավալի մեջ մոտ 5 տոկոս մասնաբաժին ունեն կրթական հաստատությունները:
Դավիթ Գրիգորյան - Քաղաքաշինության կոմիտեին հատկացված բյուջեի մասով բավականին լավ աճ ունենք: 21-ին մեր հատկացումները 6.4 մլրդ էր կազմել, 22 թվականին ունեցանք 14.9 մլրդ, 23-ին մենք նախատեսում ենք 38 մլրդ դրամ բյուջետային հատկացումներ ու նորից շարունակելու ենք կրթական հաստատություններում հիմնական էդ 300-500 միջոցառման շրջանակում, ինչպես նաև առողջապահական, արդարադատության համակարգում մի շարք նոր ծրագրեր ունենք:
Ի տարբերություն մասնավոր կառուցապատողների, քաղաքաշինության կոմիտեն իր ծրագրերի ճնշող մեծամասնությունը մարզերում է իրականացնում: