Նախորդ շաբաթ Հայաստանի կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Եվրասիական զարգացման բանկի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որով բանկը Ամուլսարի շահագործման համար 100 մլն դոլար վարկ կտրամադրի: Իր հերթին ընկերությունը պարտավորվել է հանքավայրը շահագործել միջազգային չափանիշներին, Հայաստանի օրենսդրական պահանջներին համապատասխան, նաև նպաստել ազդակիր համայնքների զարգացմանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ հուշագրով նախատեսվում է Ամուլսարի հանքի շահագործում, որը դեռ 2018-ին էր սպասվում:
Մինչև 2020 թ. «Լիդիան Արմենիայի» 100% սեփականատերը բրիտանական «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն էր, որը ցուցակված էր Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Սակայն 2020-ի փետրվարին ընկերությունը ապացուցակվել է բորսայից և անցնել վերակազմավորման գործընթաց, ինչի արդյունքում «Լիդիան Արմենիայի» 100% սեփականատեր է դարձել Կանադայում գրանցված «Լիդիան Կանադա վենչուրս» ընկերությունը: Այն պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին, վերջինը ցուցակված է Տորոնտոյի արժեթղթերի բորսայում:
«Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005 թվականին: Ամուլսարի հանքի բնապահպանական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը սկսել է 2008-ին, իսկ բուն շինարարական աշխատանքները՝ 2016-ին, որը նախատեսվում էր ավարտել 2 տարում: Բնապահպանների բողոքի ակցիաների ու դժգոհությունների ֆոնին, սակայն, շինաշխատանքները դադարեցվեցին: 2018-ին քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց: Կասկած կար, որ «Լիդիան Արմենիան» աղտոտել է շրջակա միջավայրը, իսկ բնապահպանության նախարարության պաշտոնյաները թաքցրել են դա: 2021-ի դեկտեմբերին, սակայն, գործը կարճվեց: Հայաստանի կառավարությունը 2019-ին 400 հազար դոլար հատկացրեց «Էլարդ» միջազգային ընկերությանը, որպեսզի շահագործման ռիսկերը գնահատեն: Պարզվեց՝ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Խնդիրները օրենքի շրջանակներում են, այսինքն՝ բնական բոլոր հանքերն էլ ունեն խնդիրներ, և բոլորն էլ որոշակի վնաս բնությանը հասցնում են: Մեր խնդիրն էն է, որպեսզի էդ վնասը լինի սահմանավորված, այսինքն՝ լիմիտավորված, չանցնի թույլատրելի սահմանաչափերը, լինի պատշաճ վերահսկողություն, և լինեն բարձր ստանդարտներ աշխատանքի, և դա, մենք կարծում ենք, ապահովված է:
Նախարարի հետ համաձայն չէ բնապահպանական համայնքը՝ պնդում են, կան չլուծված խնդիրներ, և առողջարանային քաղաքը խիստ կտուժի հանքը շահագործելու դեպքում: Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Ջերմուկում հազարավոր լցակույտեր կհայտնվեն:
Ինգա Զարաֆյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ) - Որոնք պարունակում են տարբեր տոքսիկ էլեմենտներ, պարունակում են ռադիոակտիվ էլեմենտներ, և նրանք բոլորը պետք է տեղադրվեն Արփա և Որոտան ջրավազանների տարածքում, եթե հանկարծ էնտեղ մի հատ ռումբ ընկնի էդ արդեն իսկ կուտակված լցակույտերի մեջ, մենք արդեն հարվածի տակ ենք դնում ոչ միայն Ջերմուկը, դնում ենք հարվածի տակ Սյունիքի մարզը՝ մինչև Սիսիան, Որոտանի միջոցով, Վայոց ձորի, Արարատի մարզը և Սևան-Արփա թունելի միջոցով Գեղարքունիքի մարզն ու Սևանա լիճը:
Այս մտահոգություններին ընկերության գործադիր տնօրենն է պատասխանում, նշելով՝ 2008 թվականից ընկերությունը հավաքագրել է ելակետային տվյալներ և 2016 թվականին իրականացրել է օրենսդրությանը համապատասխան շրջակա միջավայրի ազդեցության գնահատում:
Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն) - Ներառել է բոլոր ռիսկերը՝ բնապահպանական ռիսկերի մասին է խոսքը, նաև սոցիալական ռիսկերի մասին է խոսքը, և համապատասխան նաև իր շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի մեջ նշել է, թե ոնց է չեզոքացնելու այդ ռիսկերը: Դրա համար այն հարցը, որ կա՞ն արդյոք այնպիսի ռիսկեր, որոնք որ վնաս են տալու շրջակա համայնքներին և այլն, կարող ենք պատասխանել, որ ոչ, քանի որ բոլոր ռիսկերը ներառված են մեր ուսումնասիրությունների մեջ, և մենք ունենք ծրագիր՝ ոնց իրենց չեզոքացնենք:
Կիրառվելու է ցիանային տեխնոլոգիա, որը անվտանգ չէ՝ նշում է Զարաֆյանը՝ հավելելով, զարգացած երկրները հրաժարվել են այդ տեխնոլոգիայից:
Ինգա Զարաֆյան - Նույն կանադական, ամերիկյան կամպանիաները կիրառում են, երբ որ շատ քիչ է ոսկին, իսկ հանքում շատ քիչ է ոսկին՝ մոտավորապես 0.7-0.8 գրամ 1 տոննայի վրա, դու պետք է ուրեմն 1 տոննա դարձնես աղբ, տոքսիկ աղբ, որպեսզի էդ 0.8 գրամը վերցնես, դա կարելի է վերցնել հիմնականում ցիանային եղանակով, և իրենք դա օգտագործում են ոչ զարգացած երկրների տարածքներում:
Ըստ Հայկ Ալոյանի՝ բոլոր փորձաքննությունները ցույց են տվել, որ չկա այնպիսի բնապահպանական վտանգ, որը հաշվի չի առնվել:
Ամուլսարի հարցի մյուս կողմը տնտեսականն է: Ըստ Վահան Քերոբյանի՝ ընկերությունն արդեն իսկ 500 մլն դոլարի ներդրում է իրականացրել, ևս 250 մլն նախատեսվում է առաջիկայում:
Վահան Քերոբյան - Միայն ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով աճ է նախատեսում, բայց, գիտեք՝ նաև կան բազմաթիվ հարակից ազդեցություններ, և էդ ազդեցությունները միասին շատ ավելի շատ են օգուտ տալու, քան իմ նշած 1 տոկոսը: Բացի այդ, դուք գիտեք՝ մենք գործ ունենք սահմանին շատ մոտ գտնվող՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների հետ, և շատ կարևոր է էդ համայնքներում ապահովել մեծ տնտեսական ակտիվություն, որը թույլ կտա, որպեսզի էդ համայնքներում ոչ միայն չարտագաղթեն, իսկ դրա վտանգը հիմա շատ մեծ է, այլև, ընդհակառակը՝ ներհոսք լինի:
Ըստ Acses վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի՝ հանքի շահագործումը տնտեսական շոշափելի արդյունք է տալու մեր երկրին: Հատկապես արտահանման ոլորտում, երբ արտաքին գործոններով պայմանավորված որոշակի նվազում լինի, այս ներդրումը հավելյալ հնարավորություն կստեղծի:
Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Հստակ է, որ այդ ձեռնարկության շահագործումը և նաև շարունաբար ներդրումները էականորեն կնպաստեն Հայաստանում համախառն կապիտալի կուտակմանը, ինչը Կառավարության 2021-26 թվականների ծրագրով թիրախային ցուցանիշներից մեկն ա՝ համախառն կապիտալի կուտակումը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսին մինչև 26 թվականը: Սա, ըստ էության, կարևոր քայլ կլինի 2023-24 թվականներին և էականորեն կնպաստի էդ ցուցանիշի բարձր արդյունք գրանցելուն:
«Լիդիան Արմենիա»-ի հաշվարկների համաձայն՝ Ամուլսարում առկա է 72 տոննա ոսկի: Տարեկան պլանավորում են 7 տոննա ոսկու արդյունահանում: Ըստ Հայկ Ալոյանի՝ ունեն 11 տարվա գործունեության ֆորմալ պլան, սակայն կանխատեսում են, որ կգործեն 25 տարի, եթե լրացուցիչ ուսումնասիրությամբ ոսկու նոր պաշարներ հայտնաբերեն:
Հայկ Ալոյան - Նախատեսվում է ներդնել 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի 18 ամիս, մենք նախատեսում ենք ունենալ առաջին ոսկին 2024 թվականին: Աշխատանքային տեսանկյունից աշխատատեղերի չափը կլինի մոտ 1000 աշխատատեղ՝ շինարարության ընթացքում 950 կլինի, հանքի շահագործման ընթացքում՝ 700-750 կլինի, «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները, 200-ը՝ կապալառուների աշխատակիցները:
Ընկերությունը պարտավորվում է ծրագրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն դոլար վճարել Ամուլսարի ազդակիր համայնքներին: Օրենսդրական վերջին փոփոխությամբ էլ՝ շահագործման փուլում, ընդերքօգտագործման ռոյալթիների 2 տոկոսը ազդակիր համայնքներինն է: Կառավարությունը նաև անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը:
Հայկազ Ֆանյան - Որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, էդ 12.5 տոկոսը, որ անցել ա Կառավարությանը, դրական եմ գնահատում, որպես մասնագետ՝ խիստ բացասական եմ գնահատում, առանց նույնիսկ էդ 12.5 տոկոսի, պետությունն այսպես թե այնպես պարտավոր է, եթե չկա օրենքի որոշակի խախտում, պարտավոր է ինքը ապահովել տվյալ ձեռնարկության հստակ գործունեությունը: Դա նույնն ա, ոնց որ մեզնից ինչ-որ մեկը բիզնես ունենա, այսօր պետությունն ասի՝ գիտեք, որպեսզի թույլ չտանք, որ ձեր գործարանը թալանեն, դուք մեզ պետք ա տաք ձեր բիզնեսի 12.5 տոկոսը:
Արձագանքում է էկոնոմիկայի նախարարը, նշում՝ դա պարզապես լրացուցիչ երաշխիք է, որ ծրագիրը հաջողությամբ կպսակվի, նաև աշխարհաքաղաքական ռիսկերից ապահովագրում է:
Վահան Քերոբյան - Եթե կոռուպցիոն սխեմաներ լինեին, այդ բաժնետոմսերը կգային ոչ թե Կառավարությանը, այլ Կառավարության անդամներին, որը, իհարկե, տեղի չի ունենում: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ զարգացումները թույլ են տալիս ասել, որ Հայաստանը ի վերջո իր հանքարդյունաբերության ակտիվները կկենտրոնացնի մի ընկերության մեջ, և այդ ընկերությունն արդեն կզբաղվի ավելի մասնագիտացված գործունեությամբ:
«Լիդիան Արմենիա»-ի տնօրենը նշում է՝ միջազգային պրակտիկայում տարածված է, երբ հանքարդյունաբերողը գործակցում է պետության հետ:
Հայկ Ալոյան - Ընկերությունը որոշել է էս դեպքում, հաշվի առնելով էն հանգամանքը, որ մենք խոշոր ենք, մեծ ենք, կարևոր ենք, գործընկեր ներգրավել նաև ՀՀ-ին: Մենք տրամադրում ենք իրենց 12.5 տոկոս, փոխադարձ ստանում ենք երաշխիքներ անխափան աշխատելու, ֆորսմաժորային երաշխիքներ ենք ստանում, որը 2 կողմի համար էլ շահավետ է:
Ազդակիր Վայք համայնքը դրական է տրամադրված հանքի շահագործմանը, նշում է համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը: Գյուղական բնակավայրերում արտագաղթը կանխելու համար նոր աշխատատեղերը լավագույն միջոցն են: Անդրադառնալով բնապահպանների՝ հանքի շահագործմանը դեմ լինելուն, համայնքապետը նշում է.
Մխիթար Մաթևոսյան (Վայք համայնքի ղեկավար) - Բնապահպանները, ինձ թվում ա, մեր գյուղերում չեն եղել, չեն պատկերացնում մեր գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության վիճակը, կուզեի, որ այցելեին գյուղեր և ժողովրդի կարծիքը հարցնեին:
Վայք համայնքի այս տարվա բյուջեն մոտ 900 մլն դրամ է, և ազդակիր համայնքներին հատկացվող գումարն իր հերթին կօգնի նոր, ավելի մեծ ծրագրեր իրականացնելուն: Ըստ համայնքապետի՝ սա ազդել է նաև, որ 40 տարի անց շինարարները Վայքում շենք կառուցելու գործնական քայլեր ձեռնարկեն:
Մխիթար Մաթևոսյան - Նախ առաջնահերթ լուծելու ենք գյուղերի ջրի խնդիրը, խմելու ջրի խնդիրը, հետո ոռոգման ցանցի խնդիրը կլուծենք և ուզում ենք Վայքում սպորտդպրոց կառուցել նոր, հուսով եմ՝ կստացվի:
Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին տարեկան հատկացվելիք 7 մլն դոլարը, ըստ Վահան Քերոբյանի, ավելի մեծ է, քան այդ համայնքների տարեկան բյուջեն միասին վերցրած: Նախարարի համոզմամբ՝ հանքի շահագործումը նաև երկրի ներդրումային վարկանիշը կբարձրացնի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան