Արցախում այսօր ադրբեջանցիները երեք ոստիկանի են սպանել, մեկին ծանր վիրավորել: Ու սա այն ֆոնին, որ ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը հայտարարում էր, թե պատրաստ են բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ:
Նախնական տվյալները, ըստ Արցախի Ներքին գործերի նախարարության, այսպիսին են՝ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում կրակել է Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա:
Մոտակա դիրքերում եղած պաշտպանության բանակի ու ոստիկանության ծառայողների ինքնապաշտպանական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը ևս զոհեր ու վիրավորներ ունի, տեղեկանում ենք Արցախից:
Ստեփանակերտը հերքում է ադրբեջանական պնդումները, թե ոստիկանները զենք էին տեղափոխում Հայաստանից:
Պաշտոնական Երևանը ևս հերքեց այդ տեղեկությունը, այն անհեթեթ որակելով և շեշտելով՝ փաստերը վկայում են, որ դա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգած սադրանք է: