Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ու մասնագիտական հանձնաժողովում կա հստակ ձևավորված կարծիք, որ սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել: Իսկ թե ինչպես՝ կարծիքներ են հնչել այսօր հրավիրված քննարկման ժամանակ:
Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները Սահմանադրության մեջ ավելի կկարևորվեն. այս մոտեցմանը կողմ են եղել խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը միակարծիք է նաև, որ քաղաքացիները, մարդու իրավունքների պաշտպանը պետք է կարողանան սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության հայցերով դիմել Սահմանադրական դատարան: Բանախոսները միջազգային փորձից են օրինակ բերում, թե ինչու է կարևոր այս իրավունքների պաշտպանությունը:
Դավիթ Հակոբյան (Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ) - Իտալիայում հաշմանդամություն ունեցող երեխաներին ամեն առավոտ ավտոբուսով տանում էին դպրոց, հետո որոշեցին, որ բյուջեն գումար չունի, և այդ ծախսերը կրճատեն: Դիմեցին իրենք իրենց Սահմանադրական դատարան, և դատարանն ասաց, որ եթե անձը ունի այդ սոցիալական աջակցության կարիքը, ապա դա մինիմալն է, որ պետությունը պետք է ապահովի, ուստի այդ բյուջեի կրճատումը համարեց հակասահմանադրական:
Հայաստանում Սահմանադրական դատարան հիմնականում դիմում են հենց քաղաքացիները՝ իրավաբանական ու ֆիզիկական անձինք, վիճակագրությունն է փաստում, և ըստ բանախոսների՝ զրկել հանրությանը սոցիալ-տնտեսական, մշակութային հարցերով ՍԴ դիմելու իրավունքից, ժողովրդավարական երկրում անընդունելի է:
Անահիտ Սիմոնյան (Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ղեկավար) - Այդ ամբողջ խոսակցությունը՝ դասական, սոցիալական և քաղաքական իրավունքների տարանջատման, արդեն ոչ միայն հնացած է, այլ նաև իրավական առումով սխալ է: Միջազգային իրավունքը վաղուց այդ քննարկումը սպառել է, և սոցիալական իրավունքների պաշտպանությունը պետության տարբեր գործառույթների տեսակյունից ունի նույն կարևորությունը, և պետությունը ունի նույն պարտավորությունները այս առումով, ինչպես կունենար քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպքում:
Սոցիալական-տնտեսական իրավունքի հարցերով ՍԴ դիմելու սահմանափակումները 2015-ի սահմանադրական փոփոխությամբ են ամրագրվել, երբ այդ իրավունքները Մայր օրենքի երկրորդ գլխից հանվեցին:
Անահիտ Սիմոնյան - Մենք այս պահին գտնվում ենք մի համակարգում, որտեղ սոցիալական իրավունքների իրացումն ու պաշտպանությունը բացարձակապես կախված են օրենսդիր և գործադիր մարմինների կամքից և հայեցողությունից:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, բացի այս հարցից, ընդհանուր հայտարարի է եկել նաև պետական կառավարման մոդելի հարցում՝ խորհրդարանական մոդելը կպահպանվի: Հստակեցվել են նաև հանրապետության նախագահի ինստիտուտի վերաբերյալ սահմանադրական կարգավորումները:
Դանիել Իոաննիսյան (Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ) - Իհարկե, լավ կլիներ, որ այդ քննարկումներն ավելի ինտենսիվ լինեին, լայն ներգրավվածություն ունենային, և, ի վերջո, հանրաքվեի դրվեին:
Իոաննիսյանի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում մասնագիտական հանձնաժողովն ու խորհուրդը ավելի լավ կկողմնորոշվեն, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ Մայր օրենքում: