ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՂՄ Է ԱԷՄԳ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒՆ
Թեհրանում հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Հանդիպման ընթացքում Ռաիսին շեշտել է ԱԷՄԳ անկախությունը պահպանելու և Իրանի ժողովրդի իրավունքները գործակալության հետ երկկողմ համագործակցության ընթացքում հարգելու անհրաժեշտությունը: Իրանի նախագահը հանդես է եկել ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության շարունակման օգտին՝ այդ սկզբունքներին համապատասխան:
Միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Իրանի հետ համատեղ օրակարգի ձեռքբերման կապակցությամբ, որը ենթադրում է հարթել Իրանի և կազմակերպության միջև համագործակցության ճանապարհը։ Գրոսսին Թեհրան է ժամանել ուրբաթ։ Ժամեր առաջ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Ավելի վաղ Գրոսին հանդիպել էր նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, հույս հայտնել, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:
«Իրանն ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող են կառուցել փոխըմբռնման ու վստահության վրա հիմնված հարաբերություններ»,- հայտարարել էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենը:
Ռաֆայել Գրոսսին Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ բանակցությունների ընթացքում ասել է, որ ԱԷՄԳ-ն և Թեհրանը «պետք է միասին վերացնեն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ կասկածները»։
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔՈՒՄ
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կանխատեսում էր հակամարտություն ընդդիմադիր դաշինքում, քանի որ, ըստ նրա, ընդդիմադիրներն «անհանգստանում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց համար»։
Ընդդիմադիր Մերալ Աքշեներն նախօրեին հայտարարել էր, որ «վեցի դաշինքն» այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։
Ընդդիմադիրների միջև տարածայնություններ են ծագել, երբ հինգ կուսակցություններ առաջարկել են Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ մեկ կուսակցություն քննարկում է Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները։
Շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։
ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ՝ ԲԱՅԴԵՆ-ՇՈԼՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Երկրների առաջնորդների բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Չինաստանի հետ հարբերությունները: Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին՝ Ուկրաինայի հարցում աջակցության համար:
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը:
400 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքները հայտարարել է, որ Կիևը զինամթերք կստանա HIMARS բազմակի հրթիռային համակարգի, հաուբիցների և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաների համար։ ԱՄՆ գլխավոր դիվանագետի խոսքով՝ միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ այս պատերազմին։
«Քանի դեռ Ռուսաստանը չի կանգնեցնում հակամարտությունը, Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային՝ ուժեղացնելով զինված ուժերը մարտի դաշտում, որպեսզի Ուկրաինան ուժեղ դիրքերում լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ և հայտարարել, որ Կիևը ցանկանում է արդեն այս տարի բանակցություններ սկսել Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ:
Զելենսկին Եվրախորհրդարանի ղեկավարին կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:
Մեցոլան Ուկրաինա Է ժամանել ուրբաթ երեկոյան։ Ճեպազրույցի ընթացքում Եվրախորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի հանցագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Նա պարզաբանել է, որ խնդիրը կոնկրետ մեղավորներին պատասխանատվության կանչելն է, նույնիսկ եթե խոսքը Վլադիմիր Պուտինի մասին է: