Եվրոպացի գործընկերները դրական են գնահատել Հայաստանի դատական բարեփոխումները՝ նկատում է արդարադատության փոխնախարարը` ամփոփելով վերջերս ավարտված եռամյա ծրագիրը: Բարձր արդյունավետություն է ապահովվել երկու հիմնական ուղղությամբ էլ՝ դատարանների անկախության, արհեստավարժության ամրապնդման և քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտներում՝ ասում է Արմենուհի Հարությունյանը՝ առանձնացնելով կարևոր ձեռքբերումները: Հենց այս ծրագրով
մշակվեցին ու ընդունվեցին քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Իրականում մեր գործընկերները այս երկու օրենսգրքերի գործարկման, դրանց լավարկման հարցում ունեն իրենց ավանդը և՛ փորձագիտական, և՛ խորհրդատվական մակարդակով, և այս առումով իրենք նաև աջակցել են մշակելու այն փաստաթղթերը, այն ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են այս օրենսգրքերից օգտվող մեր մասնագետներին:
Որ համակարգը պատրաստ լիներ բարեփոխված օրենսդրությանը, 500-ից ավելի դատախազներ ու քննիչներ վերապատրաստում են անցել: Քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշներին համակարգի համապատասխանեցման ծրագրով 5 նոր դասընթաց է ներդրվել նաև Արդարադատության ակադեմիայում: Դրանք, Հարությունյանի համոզմամբ, մեծ դեր են խաղում դատավորների կարողությունների զարգացման հարցում:
Արմենուհի Հարությունյան - Դրանք առնչվում են ինչպես առերեսմանը, հարցաքննություններին, այնպես էլ ուղղակի հաղորդակցության միջոցներին, նաև վճիռների ու որոշումների մշակման տեխնիկային: Այս ծրագրի շրջանակում 2020-21 թվականների ընթացքում վերապատրաստվել է 354 դատավոր:
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրի հաջորդ բաղադրիչով էլ մի շարք փոփոխություններ են կատարվել: Մշակվել է ԴԱՀԿ օրենքը, նաև դատավորների ընդհանուր ժողովին վերաբերող մի շարք իրավական ակտեր: 2019-ից մեկնարկած ծրագրով ներդրվել է նաև դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը:
Արմենուհի Հարությունյան - Քանի որ էլեկտրոնային համակարգն արդեն գործում է, այս առումով մենք փաստացի կարող ենք արձանագրել այն հանգամանքը, որ փորձ է արվել նվազագույնի հասցնել առհասարակ բաշխման համակարգում միջամտությունը մարդու կողմից, այսինքն` զուտ իրականացնել էլեկտրոնային եղանակով, բայց, իհարկե, բացառություններ կարող են լինել` կապված դատավորների առողջական վիճակի կամ արձակուրդում գտնվելու հետ:
Մեկ այլ ծավալուն փաթեթով էլ փոփոխվել է «Հաշտարարության մասին» օրենքը, փոխնախարարը հիշեցնում է՝ անցումային դրույթներով մեկ տարվա ընթացքում ստեղծվելու է հաշտարարների ռեեստր, նրանք անցնելու են որակավորում: Համակարգում կին դատավորների ավելացման խնդիրներն էլ չեն վրիպել եվրոպացի գործընկերների ուշադրությունից: Եթե ծրագրի սկզբում՝ 2019-ին, կին դատավորների թիվը կազմում էր 26,6 տոկոս, Հարությունյանի խոսքով՝ այժմ թիվն աճել է մինչև 30 տոկոս: Եվրոպական ստադարտներով, սակայն, իդեալական հարաբերակցությունն առնվազն 40 տոկոսն է: Ծրագրի ամբողջ ընթացքը մոնիտորինգի տակ է եղել, ու, ըստ փոխնախարարի, ներկայացված արդյունքներն անգամ իրենց են հաճելիորեն զարմացրել:
Արմենուհի Հարությունյան - Եվրոպայի խորհուրդն արձանագրել էր այն հանգամանքը, որ դատարաններում իրականացված հարցախույզի արդյունքում պարզվել էր, որ մեր հանրությունը գոհունակություն է հայտնել դատարանների աշխատանքից, ու այդ գոհունակության տոկոսը բավականին բարձր էր` մոտ 80 տոկոս:
Հարցախույզի մանրամասները եվրոպացի գործընկերները չեն բացահայտել, բայց նշաձողը ցուցանիշը պահպանելն ու բարձրացնելն է՝ ասում է փոխնախարարը: Նրա վստահեցմամբ՝ համատեղ աշխատանքը շարունակվելու է, դատաիրավական բարեփոխումների նոր՝ 22-26 թվականների ռազմավարությունից բխող ծրագրերը կիրականացվեն առաջիկայում: