Նարեկ Ենոքյանի ծիրանի ծառերն անցած տարի ցրտահարվեցին: 1 հա այգուց 20 տոննա բերք պետք է ստանար. Կեսն էլ չհավաքեց: Բայց, քանի որ այգեգործը ծիրանենիներն ապահովագրել էր, ֆինանսական կորուստն այնքան էլ զգալ չտվեց:
Նարեկ Ենոքյան (Այգեգործ) - Ես 1 հա-ից 2 մլն վնաս եմ կրել, այդքան էլ փոխհատուցել են:
Գյուղատնտեսական ապահովագրությունը թեթևացրել է հողի մշակի խնդիրները: Գյուղացին հիմա գիտի՝ եթե ծառերը կամ բանջարանոցը բնական աղետներից պաշտպանել չի կարող, գոնե ռիսկերից ապահովագրել կարող է: Աղետից հետո բավական է տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, սահմանված ժամկետում կգան, կհաշվեն վնասի չափը:
Հովհաննես Մաքսիմյանն էլ մեկ տարում այգու վրա ներդրած գումարն է հաշվում: Էտից և բուժումներից մինչև ոռոգում ու բերքահավաք ծախսում է մոտ 1 մլն դրամ: Անցած տարվա ցրտահարությունից իր ծիրանանոցը ևս լուրջ վնաս կրեց: Փոխհատուցեցին: Դժգոհ չէ:
Հովհաննես Մաքսիմյան - 4000 մետր այգին ցրտահարվեց, իրենք եկան, հաշվարկեցին, որ 35 տոկոս ցրտահարվել է, մի 150 հազարի կարգի փոխհատուցեցին:
Այգեգործ հարևաններն այս տարի էլ են ապահովագրել բերքը: Ապահովագրության ընթացակարգն այնպես է կազմակերպվել, որ գյուղացին երկար ու բարդ ճանապարհ չանցնի և ժամանակ չկորցնի գրասենյակների մոտ սպասելով:
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Մենք պայմանավորվել ենք ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստակամ են հաճախելու համայնքներ. ոչ թե հողի սեփականատերը գնա իրենց մոտ, այլ ապահովագիրները այցելեն բնակավայրեր՝ տեղում կնքելու պայմանագիր:
Ապահովագրման ցանկում բացի ծիրան, խնձոր, դեղձ, սալոր, բալ, կեռաս ու խաղողից, ներառնված են նաև կարտոֆիլը, սեխ-ձմերուկն ու ցորենը, գարին, վարսակը: Գյուղացին տեղյակ է, որ հրդեհի, կարկտահարության, ցրտահարության և երաշտի դեպքում իր վնասը կփոխհատուցեն, բայց կա մի առաջարկ ունեն:
Արթուր Այվազյան - Պայմանագիրը կնքվում է հա-ի հաշվով, բայց փախհատուցում տրվում է դրա մեջ առկա ծառերի թվով: Սա դժգոհություն է առաջացնում: Եթե ծախսերն են փոխհատուցում, լավ կլինի փոխհատուցել ամբողջ կորցրած եկամուտը:
Արմավիրի մարզում անցած տարի ռիսկային գոտում է հայտնվել մոտ 900 հա տարածք: Ապահովագրական ընկերությունները 360 մլն դրամ փոխհատուցում են տրամադրել: Գյուղացիներն ուզում են՝ գոնե հաջորդ տարվանից կեռասենին ևս ներառեն ցրտահարության ռիսկի խմբում:
Կարկուտի և հրդեհի դեպքում ապահովագրված է, ցրտի դեմ է խոցելի: