Նոր գաղափարներ ու ծրագրեր, նոր ծանոթություններ ու կապեր թե՛ հասակակիցների ու թե՛ այս կամ այն ոլորտում հաջողության հասած անձանց հետ: Հենց այս նպատակով էլ «Հզոր համայնք» միջոցառումը Երևանում մեկ հարկի տակ էր համախմբել շուջ 600 պատանիների ու երիտասարդների Հայաստանի մարզերից ու Ջավախքից:
Մհեր Մկրտչյան («Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ) - Այսօր, օրինակ, պլաններում ունենք մասնագիտական կողմնորոշման մասին սեմինար, քննադատական մտածողության մասին սեմինար, ունենալու ենք նաև համոզմունքների մասին սեմինար, գիտության կարևորության մասին, կրթության կարևորության մասին:
Միջոցառումը նախաձեռնած «Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահն ասում է` բուհերի ներկայացուցիչներից երեխաները կստանան բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցերի պատասխանները, կիմանան, թե ինչ հիմնադրամներ կան, որոնք ուսման վարձի փոխհատուցման ու կրթաթոշակի ծրագրեր ունեն: Հրավիրված գործարարները կօգնեն գաղափարից գործ ընկած ճանապարհն անցնելու, ռեսուրսները ճիշտ կառավարելու հարցում:
Սերգեյ Մամյան (ՏՏ ոլորտի ներկայացուցիչ) - Ընդհանուր գաղափարն է ինձ շատ գրավել: Այն իր մեջ հայրենասիրական տարրեր ունի՝ նախ, երկրորդն էլ՝ ընդհանուր երիտասարդ սերնդի մոտիվացիան ես համարում եմ շատ կարևոր գործոն: Ես հրավիրված եմ որպես հյուր: Նպատակն է՝ շփվել երիտասարդ սերնդի հետ, պատասխանել հարցերին, ինչքանով հնարավոր է՝ մոտիվացնել նրանց, որպեսզի մտնեն գործնական ոլորտ:
«Հզոր համայնք» միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին: 11-րդ դասարանում սովորող Արագածավան համայնքի բնակիչ Միլենա Շախտանյանն անցյալ տարի էլ է մասնակցել: Ասում է՝ դրանից հետո սովորել է համարձակ լինել:
Միլենա Շախտանյան (միջոցառման մասնակից) - Գյուղում նաև ունենք կամավորությամբ գյուղի զարգացմամբ զբաղվող թիմ, ինչը բացվել է այս ամենի շրջանակներում: Հիմա ես այդ թիմի անդամ եմ, ու ամենակարևորը. ես «Հզոր համայնքից» սովորել եմ շատ-շատ սիրել իմ գյուղը, որտեղ որ ապրում եմ, ու հիմա չեմ պատկերացնում ինձ առանց իմ գյուղի:
Դպրոցահասակների թիմով տարբեր ծրագրեր են իրականացնում՝ սեմինարներ, գրքի քննարկումներ ու ազգային պարերի ուսուցում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան