Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, կնոջ, որդիների և փոխկապակցված անձանց դեմ դատախազության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել շուրջ 19,1 մլրդ դրամի գույք ու ակտիվներ: Դատական նիստին քննարկվեց «Հայբիզնեսբանկ»-ի միջնորդությունը։ Միջնորդությամբ բանկը խնդրում է ներգրավվել այս դատական գործընթացին որպես երրորդ անձ։
Նարինե Ավագյան (դատավոր) - Սնանկության և սույն հակակոռուպցիոն քաղաքացիական գործին զուգահեռ հարուցված քրեական գործի շրջանակներում բանկի գրավի առարկա հանդիսացող` քաղաք Երևան Այասի փողոց թիվ 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա կիրառվել է արգելանք, որի արդյունքում խախտվել են բանկի՝ որպես գրավառուի իրավունքները, քանի որ վերջինս չի կարողանում իր գրավի առարկա գույքից բավարարում ստանալ:
Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց՝ միջնորդությունից բացի՝ բանկը դատախազությանը նաև գրություն է ուղարկել Այասի փողոց 10-ի մեկ հասցեի գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու կապակցությամբ: Գույքը դեռևս 2017-ին Խաչատրյանը գրավադրել է «Հայբիզնեսբանկում» և դրա դիմաց ստացել վարկ։ Հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, և 2019 թ. բանկը դիմել է Սնանկության դատարան՝ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Պահանջը բավարարվել է։ Աճուրդով բանկը ձեռք է բերել այդ գույքը, բայց քանի որ այդ ընթացքում հարուցված քրեական գործի շրջանակում արդեն արգելանք է դրված եղել գույքի վրա, կադաստրային գրանցում բանկը չի կարողանում կատարել։
Գևորգ Քոչարյան (Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Գրավոր դիրքորոշում ենք ներկայացրել բանկին, որ չենք առարկում: Բացի դրանից՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունների մեջ նաև այդ բանկն է նշված, մենք գտնում ենք, որ հնարավոր է որպես 3-րդ անձ ներգրավել:
Առարկություն չուներ նաև պատասխանող կողմը, թեև դեմ էր այս նիստին այդ միջնորդության քննարկմանը: Խաչատրյանին պատկանող՝ 1,7 մլրդ շուկայական արժեքով խնդրահարույց այդ գույքը ներառված է նաև դատախազության հայցապահանջում, սակայն, դատախազը չբացառեց, որ հետագայում կհրաժարվեն դրանից՝ հօգուտ բանկի:
Մինչև այս հարցին անդրադառնալը, դատարանը կողմերին տեղեկացրեց, որ բավարարել է հայցվորի նախորդ նիստին ներկայացված միջնորդությունը՝ հայցը փոփոխելու վերաբերյալ, որով պահանջվում էր քննության առարկա դարձնել նաև հավելյալ մի քանի գույքի բռնագանձման և փոխառությունների իրավունքի՝ պետությանը փոխանցելու հարցերը: Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտարարեց՝ որոշման վերաբերյալ առարկություն են պատրաստվում ներկայացնել:
«Հայբիզնեսբանկ»-ի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի առանձին ակտով: Նիստը կշարունակվի մարտի 31-ին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան