Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կանխատեսում էր ճգնաժամ ընդդիմադիր դաշինքում: «Թող անեն այն, ինչ ուզում են, միևնույն է՝ մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։ Մենք մտածում ենք մեր և ձեր մասին, իսկ նրանք՝ ունեցվածքի մասին»,- ասել է Էրդողանը։
Ընդդիմադիր Մերալ Աքշեները նախօրեին հայտարարել էր, որ «վեցի դաշինքն» այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։ Ընդդիմադիրների միջև տարածայնություններ են ծագել, երբ հինգ կուսակցություններ առաջարկել են Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ մեկ կուսակցություն քննարկում է Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները։
Շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։