Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Լեհաստանը Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող բնակավայրերում նոր բնակարանների կառուցման ծրագրերը: Այս մասին ասված է եվրոպական վեց երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Երկրները խոր մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնության շարունակման կապակցությամբ: «Մենք կտրականապես մերժում ենք բոլոր միակողմանի միջոցները, որոնք խարխլում են երկու պետությունների համակեցությունը: Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում չեղյալ հայտարարել Արևմտյան ափին ավելի քան 7 հազար միավոր բնակարանների կառուցմանը հավանություն տալու որոշումը»,- նշել են ԱԳՆ ներկայացուցիչները:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները որոշել են օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրային դիրքերը՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունների: