ԿԻԵՎԸ ՀԵՐՔԵԼ Է ՌԴ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ երեկ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինական դիվերսիոն խումբը դուրս է մղվել ռուսական տարածքից, ինչից հետո նրանց հրետանային հարված է հասցվել: Պաշտոնական տվյալով՝ Լյուբեչանե գյուղում դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել է մեկ երեխա։ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել:
Կիևը հերքել է իր ներգրավվածության մասին մեղադրանքները: Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է՝ «Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական սադրանք է»: Միխայլո Պոդոլյակը նշել է, որ Ռուսաստանի տարածք մտնելը և խաղաղ բնակչության դեմ պայքարելն անիմաստ է: «Ուկրաինան տեղի ունեցածի հետ որևէ կապ չունի»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հայտնի չէ՝ Բրյանսկում զարգացումների հետ կապված կփոխվի՞ արդյոք Ուկրաինայում հատուկ գործողության կարգավիճակը, թե ոչ:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԵԼ Է 92.000 ԸՆՏԱՆԻՔ
Սիրիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալով՝ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 92.000 ընտանիք, մասնավորապես՝ 415.000 մարդ: Ամբողջությամբ կամ մասնակի վնասվել է 4444 շենք ու շինություն։ Հաղորդագրության համաձայն՝ փլատակներից դուրս է բերվել 1553 մարդ:
Ըստ Մարդու իրավունքների սիրիական ցանցի՝ երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 7200 մարդ, այդ թվում՝ 2100-ից ավելի երեխա:
Թուրքիայում էլ վերջին տվյալով՝ զոհերի թիվը հատում է 45000-ը: Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի գրասենյակի տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո երկրում 3 րոպեն մեկ նոր ցնցումներ են արձանագրվում, արդեն գրանցվել է ավելի քան 12.000 հետցնցում։
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԸ
Հունաստանում մարտի 1-ին մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, կան անհետ կորածներ՝ տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:
Հունական արհմիությունները և երիտասարդական կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացրել Աթենքում Hellenic Train գնացքների օպերատորի գրասենյակի դիմաց, որին պատկանում էր վթարի ենթարկված մարդատար գնացքը:
Դժբախտ պատահարից հետո երկաթուղայինների արհմիությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ Աթենք-Սալոնիկ երկաթուղու անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ կան։ Hellenic Train երկաթուղային կայարանի ղեկավարը ձերբակալվել է, նա մեղադրվում է մեծ թվով մարդկանց անզգուշությամբ մահ պատճառելու համար: Տղամարդը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ վթարի պատճառը հնարավոր տեխնիկական անսարքությունն է:
Երկրում երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱԳՄԱՆ ՎԱՐԿԱԾՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածն իրատեսական է, սակայն ամերիկյան իշխանությունը հստակ բան դեռ չի կարող ասել։ Էնթոնի Բլինքենը հավելել է՝ Վաշինգտոնը չի հավատում, որ որևէ երկիր կարող էր քովիդը միտումնավոր որպես կենսաբանական զենք օգտագործել։
Ավելի վաղ՝ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքն է: Նա հստակեցրել էր՝ խոսքը «չինական կառավարության կողմից վերահսկվող լաբորատորիայից պոտենցիալ արտահոսքի մասին է»։ Պաշտոնական Պեկինը կտրականապես հերքում է նման մեղադրանքները: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ամերիկյան կողմին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը: