Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը ջերմ շնորհավորանքներ է հղել Էստոնիայի Հանրապետության անկախության 105-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Սա իսկապես հիշարժան օր է, որը խորհրդանշում է պատմական ամենամեծ նվաճումը՝ անկախության ձեռքբերումը: Հայաստանը, իմանալով այս նվիրական իրադարձության արժեքը, հարգում է այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ցուցաբերում իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանությանն ու խթանմանը:
Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ պատմամշակութային հիմքերի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը: Բարձր ենք գնահատում Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործում:
Օգտվելով այս պատեհ առիթից՝ Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը խորին երախտագիտություն է հայտնում Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի շրջափակման վերաբերյալ հայտարարության համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, որը վկայում է այն մասին, որ ժողովրդավարական Հայաստանը միայնակ չէ այս դժվարին ժամանակաշրջանում և վայելում է գործընկեր պետությունների աջակցությունը:
Չնայած առկա մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգն առաջնային է Հայաստանի Հանրապետության համար, և մենք հաստատակամ ենք դրա առաջմղման հարցում: Հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքն ու բարիդրացիական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում երկարատև խաղաղության և կայունության համար»,- ասված է շնորհավորական ուղերձում: