Արարատյան արտեզյան ավազանի վիճակի բարելավում և Սևանա լճի էկոհամակարգի պահպանություն: Ջրային ոլորտում այս և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների կարգավորման նպատակով Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել նախագծեր, որոնք ուղղված են ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը, դրանց արդյունավետ օգտագործմանը, նաև ապօրինի ջրօգտագործումը կանխելուն: Նախագծում նաև առանձին անդրադարձ կա ստորերկրյա ջրային պաշարի արդյունավետ օգտագործմանը:
Լիլիթ Աբրհամյան (ՀՀ ՇՄՆ ջրային քաղաքականության վարչության պետ) - Իրարից տարանջատված չէր մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործման իրականացումը, մենք հիմա տարանջատել ենք իրարից, որովհետև շատ ավելի կարևորում ենք ստորերկրյա ջրային պաշարը և ստորերկրյա ջրային ռեսուրսի ապօրինի օգտագործումը, պահանջները մի փոքր ավելի խստացվել են: Միաժամանակ նաև վարչական դաշտից մենք տարանջատել ենք, բացառել ենք Արարատյան ստորերկրյա ավազանի ապօրինի ջրօգտագործումը, որն արդեն արտահայտվել է քրեական պատասխանատվության օրենսգրքում:
Օրենսդրական փոփոխության դեպքում լրացուցիչ պայմաններ կստեղծվեն նաև սիգի կայուն զանգվածի պահպանության համար։ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյայի խոսքով՝ նման հետևողականության պատճառն այն է, որ սիգը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:
Լիլիթ Աբրհամյան - Մեր համար դժվարին, օրհասական ժամանակաշրջանում, էդ պանդեմիայի և պատերազմական իրավիճակներում, մեր համար սիգ ձկնատեսակը հատկապես ունեցել է, լուծել է նաև պարենային անվտանգության խնդիր բնակչության համար:
Ապօրինի ջրօգտագործումը բացահայտելու և կանխելու նպատակով նախատեսվում է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը գույքագրման և հաշվառման աշխատանքներ կիրականացնի Արարատյան դաշտում՝ հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում:
Լիլիթ Աբրհամյան - Եվ պետք է գույքագրվեն բոլոր գործող և չգործող, նաև ապօրինի գործող հորատանցքերը, և այդ համապատասխան հորատանցքերից նաև ջրօգտագործման ծավալները՝ ավելի հստակ թիվ ունենալու համար, և մեր պատկերացումները նաև ընդհանրապես ներկայումս օգտագործելի պաշարի վերաբերյալ:
Նախարարությունից վստահեցնում են՝ ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարը շարունակական է լինելու:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան