Տորք Անգեղի արձանը, որ գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, չի տեղափոխվի: Ավելին՝ նախատեսվում է հարակից տարածքը բարեկարգել, կանաչապատել ու ստեղծել ինքնատիպ մի այգի:
Արձանի շրջակա տարածքների մեծ մասը զավթված է ու խճողված տարատեսակ ժանգոտ ցանկապատերով: Քանդակին մոտենալու համար ժամանակի ընթացքում մնացել է ընդամենը մի փոքր մուտք: Երևանի քաղաքապետարանում նախորդ տարի արձանը տեղափոխելու հարցը քննարկվում էր դրա` բնակիչների համար անմատչելի տարածքում լինելու հիմնավորմամբ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշարձանի տեղափոխությունը նպատակահարմար չի համարել: Նոր՝ բարեկարգման ծրագիրն իրագործելու համար վաղվանից այստեղ սկսվելու են քանդման աշխատանքներ: Դեռևս չսեփականաշնորհված տարածքները կվերադարձվեն համայնքին:
Արմեն Մհերյան (Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար) - Իր ռելիեֆով շատ հետաքրքիր լուծումներով այգի է լինելու՝ ելևէջներով, ամֆիթատրոններով, և այդ ամենի ֆոնի վրա Տորք Անգեղի արձանն է լինելու. այն ավելի բարձրադիր է ամբողջից, որովհետև ձորակի տեսք ունի մեր այգին: Երկար ճեմուղիներով, մոտ 900 մետր այգի ենք ստանալու:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանն ընդգծում է՝ հանգստի գոտին ստեղծվելու է զրոյից՝ նորաոճ լուծումներով:
Արմեն Մհերյան - Ստեղծում ենք 21-րդ դարին համապատասխան լուծումներով՝ թե՛ ոռոգման ցանցի, թե՛ լուսային լուծումների, թե՛ բիոզուգարանի լուծումը: Ուզում ենք ստանալ մի բան, որը տարբերվի Երևան քաղաքի առհասարակ բոլոր այգիներից:
Շինարարական աշխատանքները նախատեսվում են ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Մոտ 20 օրից կհայտարարվի մրցույթ: Նպատակ կա հիմնական աշխատանքն ավարտել այս տարի: Ամբողջ տարածքի երկայնքով կառանձնացվի հեծանվուղի: Այգին հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Իսկ արդեն ծառատունկը եղանակի պատճառով հավանաբար կարվի հաջորդ գարնանը:
Արմեն Մհերյան - Նախատեսում ենք նախնական 6 հազար ծառի տնկում: Ծառատեսակները ևս լինելու են տարբեր` թե՛ գունային գամմայով, թե՛ լուծումներով: Աշխատում ենք մեր կանաչապատման վարչության հետ, մտածում ենք՝ ինչ լուծումներ տանք, որ գեղեցիկ լինի, նաև մեր բնակլիմայական պայմաններին համապատասխանեցնենք:
Ծրագրի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 530 մլն դրամ: Այս տարվա բյուջեով գումարը հատկացված չէ, բայց մարտին նախատեսվում են փոփոխություններ: Նախնական հաստատումն արդեն կա:
Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ արձանի հնարավոր տեղափոխության լուրը բնակիչների շրջանում դժգոհություն էր առաջացրել: Ինքն այդ ժամանակ այս պաշտոնում չէր ու կիսում էր նրանց կարծիքը: