Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Բրյանսկի մարզում ուկրաինական դիվերսիոն խմբի դեմ ընթացող մարտերի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը:
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում Ռուսաստանի ԱԴԾ-ն և ՌԴ պաշտպանության նախարարության օժանդակ ուժերը միջոցառումներ են անցկացնում պետական սահմանը խախտած ուկրաինացի ազգայնականների ոչնչացման ուղղությամբ»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է, միջոցներ են ձեռնարկվում նրանց ոչնչացնելու համար»: Նա նաև հերքել է Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Լյուբեչան գյուղի խանութներից մեկում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտնել էր երկու գյուղի վրա հարձակման մասին: Նրա խոսքով՝ ուկրաինացի դիվերսանտները կրակել են մեքենաներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: