Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել Արցախի գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։
Ներկայացնելով նախապես հավաքված տվյալները՝ պետական նախարարը խստորեն քննադատել է Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է շտապ ամփոփել անհրաժեշտ տեղեկությունները, գույքագրել ունեցած ապրանքներն ու ներքին նվազագույն պահանջարկը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշել ներկրման ենթակա հումանիտար ապրանքների առաջնահերթությունը։ «Ամենատարբեր գործընթացներում ներառված ու գնահատված չեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների շահերը, նրանց կարծիքն ու տեսակետը լսելի չի դարձվել, այդ պատճառով նրանք հիմա ստիպված են անհատական բարձրացնել իրենց խնդիրները»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը։
Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։ «Այս վիճակի հիմնական պատճառներից մեկը նախարարությունների ու այլ պատասխանատուների միջև պատշաճ փոխգործակցության բացակայությունն է: Անընդունելի է, որ դրանք բացահայտվում են միայն պետական նախարարի մոտ խորհրդակցության ընթացքում»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։
Պետական նախարարը մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցի համաձայն: