ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել նախադպրոցական կրթության փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության գործընթացն ամուր հիմքերի վրա է դրվում:
«Սա նշանակում է, որ նախադպրոցական կրթությունն ավելի հասանելի ենք դարձնում մեր բոլոր երեխաների համար, որը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: Այս տարվա սեպտեմբերից մենք պետական բյուջեից ֆինանսավորում ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը և այս օրենսդրական փոփոխությամբ հստակեցնում ենք այն բոլոր ծառայությունները, որ պետք է հասանելի լինեն նախադպրոցական կրթության տարիքի երեխաներին բոլոր բնակավայրերում: Իրականացնում ենք փոփոխություններ նաև կապված խելամիտ հարմարեցումների, նպատակային տրամադրվող գումարների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարի իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում այս ոլորտում ևս կգործի հավելավճարի սկզբունքը. «Կարծում եմ՝ մարտից նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները կկարողանան դիմել 30-50 տոկոս հավելավճարի համար, որը տեղի է կունենա տարակարգի տրամադրման սկզբունքով՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները: Կարևորում եմ, որ և՛ արտադպրոցական, և՛ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների լրավճարներն ու հավելավճարները տրամադրվելու են պետբյուջեից: Սա հավելյալ աջակցություն է ոլորտում իրականացվող որակական փոփոխություններին»:
Նշենք, որ այսօր ընդունված որոշմամբ առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ներքոնշյալ կարգավորումներում.
երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք,
նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստում,
նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացում,
նախադպրոցական կրթական ծրագրեր, այդ թվում՝ նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում:
Փոփոխություններով ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված՝ մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով առաջարկվում է հստակեցնել նաև հինգ տարին մեկ պարտադիր վերապատրաստվելու պահանջը: