Կառավարությունը սահմանել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետբյուջեից լրավճարի տրամադրման կարգը: Որոշամբ սահմանվել է նաև, որ 2023-ից սկսած կարգին համապատասխան ատեստավորմանը կմասնակցեն՝ պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի ու արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով սահմանված պահանջները բավարարելու դեպքում, լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած: Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատող ի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։ Արդյունքում՝ հնարավոր կլինի նպաստել մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար:
Կամավոր ատեստավորումն անցկացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան. 2023-ից սկսած ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար, 2024-ից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է նաև մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողների համար, 2023-ից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։