ՀՀ-Ն ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՐԿԻՐՆ Է. PASSPORT INDEX
Passport Index-ի նոր վարկանիշի համաձայն՝ Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է:
Նշվում է, որ Հայաստանի դեպքում վիզաների պարզեցված կաննոներ են գործում աշխարհի 135 երկրի քաղաքացիների համար: Այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի երկրների ցուցակում 26-րդ տեղում է:
Եվրոպայում ամենահյուրընկալների շարքում Հայաստանին հաջորդում են Կոսովոն և Մոլդովան:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻԻՀ ԵՎ ՌԴ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպաններ Աբբաս Մուսավին և Միխայիլ Բոչարնիկովը քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել «3+3» տարածաշրջանային ձևաչափին, ինչպես նաև տնտեսական և տարանցման ոլորտներում երկու երկրների գործակցությանը և Հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված հարցերի:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Աթենքում Hellenic Train գնացքների օպերատորի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված երեկ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետ, ինչի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ ուսանողներ: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել:
Վթարից հետո Hellenic Train երկաթուղային կայարանի ղեկավարը ձերբակալվել է, նա մեղադրվում է մեծ թվով մարդկանց անզգուշությամբ մահ պատճառելու համար: 59-ամյա տղամարդը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ վթարի պատճառը հնարավոր տեխնիկական անսարքությունն է:
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
ՌԴ-Ն ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՀՍԿ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ. ՓՐԱՅՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես տեղեկացվել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել կառուցողական գործակցությունը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցում: Փրայսը հավելել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ անում Ռուսաստանին անել նույնը: «Ռուսաստանի այս որոշումը չի խանգարի ԱՄՆ-ին շարունակել Ուկրաինային աջակցությունը»,- զգուշացրել է խոսնակը:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն չի ակնկալվում, քանի որ ամերիկյան կողմը հակառուսական քաղաքականություն է վարում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ հավատացրել է, որ Մոսկվան մտադրություն չունի Ուկրաինայի Զինված ուժերի դեմ միջուկային զենք կիրառել։ Նրա խոսքով՝ նման սցենար հնարավոր կլինի, միայն եթե Ռուսաստանի գոյությանը վտանգ սպառնա:
Ռուսական կողմը, այնուհանդերձ, հավատացնում է՝ միջուկային-հրթիռային ոլորտում կայունության պահպանման համար Մոսկվան կպահպանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակական սահմանափակումները, որոնք նախատեսված են Պայմանագրով:
ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է G20-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Նյու Դելիում մեկնարկել է G20-ի արտգործնախարարների հանդիպումը։ Դիվանագետները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակը։
Այնուհետև Հնդկաստանի արտգործնախարարը հանդես է եկել բացման խոսքով, մտահոգություն հայտնել, որ G20-ի երկրների ներկայացուցիչները ճգնաժամային լուրջ հարցերի շուրջ խիստ տարբեր կարծիքներ ունեն:
«Աշխարհն ակնկալում է, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք: Խոսքը կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, շարունակվող հակամարտությունների ազդեցության, կլիմայի փոփոխության և այլ խնդիրների մասին է»,- ասել է Սուբրամանյամ Ջայշանքարը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ G20-ի անդամ երկրներին հորդորել է ոգեշնչվել Հնդկաստանի քաղաքակրթական ոգուց և կենտրոնանալ այն թեմաների վրա, որոնք միավորում են, այլ ոչ թե բաժանում։