Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի ստեղծմանը՝ մշտապես զարգացման հնարավորություններով: Ծրագրով նախատեսված է ամառային և ձմեռային հանգստավայրի կառուցում: Իսկ ջրամբարի կառուցումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը՝ մեծացնելով ոռոգվող հողամասերի մակերեսները: Նախատեսված է համայնքի բնակչությանը ոռոգման ջուրը տրամադրել անհատույց, ինչը կլուծի նաև համայնքի բնակիչների համար արդիական սոցիալական խնդիրները:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Կկառուցվեն ՀՀ-ում նախադեպը չունեցող լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ (Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխանող շուրջ 30 կմ սահուղիներ, ճոպանուղի, լեռնադահուկային կանգառներ): Ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236 797 արտաքին և 199 339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Ընկերությունը պատրաստակամ է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ընկերության կողմից առաջիկա տասը տարիների հարկային մուտքերը պետբյուջե կկազմեն մոտ 34,8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի գծով հատկացումները համայնքային բյուջե` մոտ 5,34 մլրդ դրամ: Արդյունքում՝ Արագածոտնի մարզի Արագած և Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային և ձմեռային հանգստավայրով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղու 5 գծով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով ծրագրին՝ փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրա գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Ըստ փոխվարչապետի՝ եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր 4 բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները»,- ասել է փոխվարչապետը: