Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը 1 մլրդ 100 մլն դրամ տրամադրեց Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելը:
Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, առաջին փուլն արդեն իրականացվել է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը: Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանը արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է:
«Մենք նախագծման առաջին փուլն արդեն անցել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ, և, նախնական հաշվարկներով, Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ մեկուկես կմ, և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ: Բավական դիտարժան կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նաև ավելացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում էական փոփոխություններ են տեղի ունենում, բավական մեծ ծավալի ներդրումներ են արվում:
«Ոչ միայն այս կայարանով ենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մի կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո մետրոն այդ նույն գծով շարունակվելու է, մեկը դեպի Դավթաշենի ուղղությունն է, մեկն արդեն դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքն է, և քաղաքապետարանն առաջարկելու է շաունակական մետրոյի զարգացման ծրագիր, որով մենք ամեն տարի ունենք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և իրականում սա ենթակառուցվածքներում ամենարդյունավետ ներդրումներից մեկն է»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը 22 տոկոսով աճելու է:
«Մետրոն էական բեռ է իր վրա վերցնում և էականորեն թեթևացնում է փողոցների ծանրաբեռնվածությունները: Մենք դա համադրում ենք մեր ավտոբուսային գծերի հետ, մեկ ընդհանուր համակարգ է լինելու: Եվ տոմսային համակարգն է մեկ ընդհանուր համակարգ լինելու և ամբողջ ուղևորափոխադրումների համակարգը»,- ասաց Ավինյանը: