Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես, «1 С» ծրագրին, և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այսպես, 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնումներ՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3-ի դեպքում ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։
Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:
«Նոր Զովք» ՍՊԸ-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի՝ Երևանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․ Ս․-ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում՝ նշված երկու հասցեների միջև ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որևէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով այսպես կոչվող «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել և վերահսկողությունից դուրս պահել սերվերի հասցեն։ Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որը, ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և երեք հարկանի շինություն է։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը:
Միջոցառումների շրջանակներում հետազոտվել է տվյալների շտեմարանը: Արդյունքում պարզվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝ 2022 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։24-ին, օպերլիազորները ծածկագրված եղանակով՝ Խորենացի փողոցի 33/7 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել է պանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ 7 հզ 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6 060 դրամ գումարը: Իսկ տարբերությունը՝ 1080 դրամ գումարը, չի ուղարկվել, այլ պահպանվել է «ՆՈՐ Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում: Եվ սա ընդամենը այս մեկ դեպքով:
Միաժամանակ, վարութային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թթ․ վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների՝ ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում 2019 թ․ մինչև 2023 թ․ հունվար ամիսը, թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13,2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4,1 մլրդ դրամ։ Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: