Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին:
Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելել է Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարկ, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին:
Խաղահրապարակի կառուցման պայմանագրային արժեքը 15,297,194 ՀՀ դրամ է, որն իրականացվել է 30% Կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։
Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Նորակերտ բնակավայրի մանկապարեզ, որտեղ 2023 թվականի Կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրով նախատեսված է իրականացնել մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմում է 39.895.240 դրամ (70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ):
Այգեկ բնակավայրում առաջին անգամ էր իրականացվել սուբվենցիոն ծրագիր: Մարզպետն Այգեկում գնահատեց փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրով ասֆալտապատվել է Այգեկի Երևանյան փողոցի 1296 մ և 346 մ ճանապարհահատվածը՝ ընդհանուր 1642 գծ. մ՝ 12295 ք. մ մակերեսով:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 111.754.270 դրամ, որն իրականացվել է 35% Կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
Համայնքի մասնաբաժնի վճարումը 69.875.000 դրամ է։
Այգեկում իրականացվել են նաև 2-րդ և 3-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր պայմանագրային արժեքը 35.831.440 դրամ է (45% Կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Կառուցվել է 1860 գծ․ մ գազատար, գազամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը 40 է:
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսված է իրականացնել Այգեկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմումն է 107.824.930 դրամ: Այն իրականացվելու է 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ: