Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն՝ «Զովք» սուպերմարկետների ցանցը ենթադրաբար թաքցրել է իրական շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր: ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, գնորդներին տրամադրվում են ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այնտեղ արտացոլված գումարի մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվում հարկային մարմին, որոշ դեպքերում տրամադրվում են ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները:
Տեղեկությունը ճշտելու նպատակով 2022 թ. հոկտեմբեր-նոյեմբերին իրականացվել է 35 հսկիչ գնում։ 24-ի դեպքում հաստատվել է տեղեկությունը, 8-ի դեպքում՝ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերությունը ՀԴՄ կտրոնի փոխարեն տրամադրել է ներքին կտրոն։ «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:
«Նոր Զովք»-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ընկերության գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան, սակայն ընկերության հիմնադիրն ու իրական շահառուն, և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի: Նույն տարածքում գտնվող մեկ այլ շինության նկուղային հարկի վերջնամասում խուզարկության արդյունքում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը:
Շտեմարանի հետազոտություն արդյունքում պարզվել է, որ «Նոր Զովք» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկել հարկային մարմին: 2022 թ. հոկտեմբերի 19-ին օպերլիազորները ծածկագրված եղանակով՝ կատարել են 7 հազար 133 դրամի հսկիչ գնում, սակայն հարկային մարմին է ուղարկվել 6 հազար 60 դրամ գումարը, իսկ 1080 դրամը պահպանվել է ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում:
Վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թթ. վաճառքից ձևավորված իրական հասույթները։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալի՝ 2019-ից մինչև 2023 թ. հունվարը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13,2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4,1 մլրդ դրամ։ Միջոցառուներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան