Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին:
Իր խոսքում կանցլեր Շոլցը նշել է.
«Տիկնայք և պարոնայք, ուրախ եմ, որ այսօր ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բեռլինում: Այսօր մենք մտքերի շատ լավ ինտենսիվ փոխանակություն ունեցանք հարաբերությունների խորացման մասին: Դուք հետևել եք, տեսել, որ վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին մենք ցանկանում ենք շարունակել օգնել Հայաստանին մեր հնարավորությունների սահմաններում: Մի կարևոր քայլ մենք կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում` այստեղ էլ օգնելու բարեփոխումների ճանապարհին:
Մենք նաև խոսեցինք Ռուսաստանի հարձակողական պատերազմի մասին, և Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նրա զգալի ազդեցության մասին:
Ես գիտակցում եմ, որ նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց:
Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:
Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին, այդ նույնն արել ենք նաև եվրոպական անձնակազմ ուղարկելով ԵՄ դիտորդական առաքելության կազմում: Ընդ որում, գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը:
Մտքերի փոխանակություն ենք իրականացրել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման մասին, անդրադարձել ենք նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Գերմանիան Եվրամիության մեջ ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այս համատեքստում վարչապետին խնդրել եմ քաջալերել` շարունակելու կոռուպցիայի դեմ պայքարի իր գործը: Այլ հարցերի ևս անդրադարձել ենք, շնորհակալ եմ պարոն վարչապետին այցի համար: Համոզված եմ, որ հետագայում այլ շատ հարցեր կունենանք և հարցեր կքննարկենք»:
Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգարժան պարոն կանցլեր,
Տիկնայք և պարոնայք,
Նախ` ցանկանում եմ իմ գործընկեր Օլաֆ Շոլցին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:
Մեր պատվիրակությունը և ես գոհունակությամբ ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները:
Քննարկել ենք Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորել ենք երկուստեք շարունակական ջանքերը առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը՝ որպես երկկողմ գործընկեր, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությունը։
Անդրադարձել ենք հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը, մասնավորապես` գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությանը Հայաստանում: Լիահույս ենք, որ մոտ ապագայում KfW և GIZ տեղական գրասենյակների բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զարգացման համագործակցության համար:
Գերմանիան և Հայաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության երկարամյա փորձ ունեն, փոփոխվող կլիմայի պայմաններում, մենք հետաքրքրված ենք զարգացնելու այդ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման, անտառվերականգնման և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Մենք հետաքրքրված ենք նաև «կանաչ ջրածնի» զարգացման հարցում:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտակրթական ոլորտում: Հայկական և գերմանական ԲՈՒՀ-երի և անհատ գիտնականների միջև կա արդյունավետ համագործակցություն, որը զարգացման մեծ ներուժ ունի։
Չափազանց կարևոր են նաև համատեղ մշակութային միջոցառումները և մարդկանց միջև շփումները։
Մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական համագործակցությանը՝ գոհունակությամբ արձանագրելով, մասնավորապես, վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդարանականների ակտիվ շփումներն ու այցելությունները։
Երկկողմ հարաբերություններում կարևոր դեր ունի նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որի շրջանակներում ունենք արդեն իսկ հաստատված համագործակցության բազմաթիվ օրինակներ:
Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցելու նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու հարցում։
Մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Ընդգծել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը համագործակցության նոր հեռանկարներ է բացում ԵՄ անդամ երկրների հետ մեր երկկողմ ձևաչափում:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ կրկին մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ես նաև անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն եմ հայտնել, որովհետև գիտեմ նաև, որ այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է:
Հարգելի՛ ներկաներ,
Մեր քննարկումների առանցքային թեմաներից է եղել, ինչպես կանցլերն ասաց, Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:
2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտարությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: Նաև կարևոր է ընդգծել, որ կարծում ենք շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար:
Պիտի ընդգծեմ, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։
Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Հարգելի՛ ներկաներ,
Հարգարժան կանցլեր Շոլց,
Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Պատրաստակամ ենք ջանքեր ներդնել՝ նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը»: