ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Գերմանիայում է:
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո վարչապետը և կանցլերը ամփոփել են հանդիպման արդյունքները՝ հանդես գալով մամուլի ասուլիսով:
Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր) - Ուրախ եմ, որ այսօր ողջունում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բեռլինում: Այսօր մենք մտքերի ինտենսիվ փոխանակություն ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման մասին:
Ինչպես հետևել ենք, վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին մենք ցանկանում ենք օգնել Հայստանին մեր հնարավորությունների սահմաններում: Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արևելյան գործընկերության շրջանակում, այստեղ էլ մենք օգնել ենք բարեփոխումների ճանապարհին:
Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանի զարգացումներին: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ լուծման գնան քայլ առ քայլ: Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում սրվող հումանիտար իրավիճակով:
Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է հանգել երկարաժամկետ լուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման հիման վրա: Գերմանիան աջակցում է ԵՄ ջանքերին, և մենք դա արել ենք գերմանական անձնակազմ ուղարկելով առաքելության կազմում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր քննարկումների առանցքային թեմաներից են եղել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար:
Ցավոք, ադրբեջանական կողմը, բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակվել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120 հազար բնակիչ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ: