Նյու Դելիում ավարտվել է G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը: Քսանյակն ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել՝ հանդես գալով աշխարհում բազմակողմ և թափանցիկ կառավարման օգտին:
Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պետք է արձագանքի կառույցի բոլոր անդամների պահանջներին՝ հավատարիմ մնալով իր հիմնարար նպատակներին: Նշվում է, որ 20-ի խմբին հաջողվել է համաձայնության գալ նիստի շրջանակում քննարկված գրեթե բոլոր, մասնավորապես՝ կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ:
Ուկրաինային վերաբերող երկու կետի չեն աջակցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Այդ դրույթները մատնանշում են համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունը, դատապարտում ռազմական գործողությունները և շեշտում միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի անթույլատրելիությունը: