Հաղթանակի կամրջի վրա արդեն մեկ շաբաթ է՝ շինարարական եռուզեռ է: 1945-ին շահագործման հանձնված կամուրջը վերջին անգամ նորոգվել էր 80-ականներին: Այս տարի նախատեսում էին սալիկապատման աշխատանքներ իրականացնել, սակայն պարզվեց՝ խնդիրն ավելի լուրջ է:
Հարություն Ապիկյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության ծրագրերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ) - Դեկորատիվ սալիկները պետք է փոխարինվեին բազալտե բնական քարից սալիկներով, բայց սալիկների քանդման ընթացքում պարզ դարձավ նաև, որ աստիճանավանդակը՝ կամրջի տակի հատվածը, բնական քայքայվածության հետևանքով ամբողջապես մետաղական կոնստրուկցիան, բետոնային հատվածը, քայքայված է, և կարիք կա հիմնանորոգելու:
Մասնագետների խոսքով՝ մեծ ռիսկ կար, որ աստիճանները կարող էին փլուզվել: Նախագծով այդ հարցն էլ է լուծվելու, ամրացվելու, սալիկապատվելու են նաև աստիճանները: Քաղաքային իշխանությունն աշխատանքների համար 83 միլիոն դրամ է հատկացրել: Ճաղավանդակները ներկվելու են, փոխվելու է նաև լուսավորությունը:
Հարություն Ապիկյան - Պետք է հին անվահրիչներն ապամոնտաժվեն, տեղադրվեն նորերը, որից հետո երթևեկելի գոտին կբացվի, պաստառներով հատվածը կտեղաշարժվի մայթի եզր և կտեղափոխվեն շինաշխատանքներն այն կողմ, այսինքն՝ 15 օրից ամբողջապես կվերականգնվի այս երթևեկելի գոտին, որը փակ է:
Իսկ երթևեկելի գոտու փակ լինելու հանգամանքն առավոտյան ու երեկոյան այս հատվածում խցանումներ է առաջացնում: Կապալառուն ու քաղաքապետարանը հորդորում են ըմբռնումով մոտենալ, ամեն ինչ անում են, որ 9 ամսվա փոխարեն կամուրջն ամբողջությամբ շահագործման հանձնեն 4 ամսում: Նախագծով պետք է նաև ջրաթափ տեղադրվեր, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կամրջի պատմամշակութային կարգավիճակը և հետագայում հնարավոր խնդիրները, չի թույլատրել:
Վիկտոր Քոսյան (կապալառու ընկերության փոխտնօրեն) - Ջրահեռացման համակարգը պետք է լուծենք բնական եղանակով, քանի որ կամուրջն ունի բնական թեքություն, ջուրը չի կուտակվելու մի տեղ ու ոչ մեկին չի խանգարելու, հոսելու է, ներքևից էլ արդեն հեղեղատարին միանա:
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը երեկ ֆեյսբուքում գրել էր, որ մասնագետներից ահազանգ է ստացել, թե կամուրջը շինարարական նորմերի խախտումներով է նորոգվում, և որ նախապատրաստական շերտը բացակայում է, ինչի պատճառով նստվածք է առաջանալու, և ջուրը կուտակվելու է: Կապալառու ընկերությունից մեկնաբանում են՝ լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ միայն նախապատրաստական խճի շերտն է տեղադրված եղել, մինչդեռ անվահրիչները ոչ թե այդ խճի, այլ մի քանի ժամ անց բետոնի վրա են տեղադրվել: