Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին պետական եկամուտների կոմիտեն 287 մլրդ դրամի հարկ և տուրք է հավաքագրել: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32,3 մլրդ դրամով կամ 12,7%-ով:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Դա բավականին բարձր ցուցանիշ է համեմատական կարգով, և այդ ցուցանիշի մեջ, իհարկե, նորից պետք է կրկնենք, որ ոչ ավանդական ճյուղերն ունեցել են մեծ նշանակություն: Օրինակ՝ ձմեռվա ամիսներին, բնականաբար, գյուղատնտեսությունը չէր կարող ունենալ շատ մեծ ազդեցություն այդ ցուցանիշների վրա, սակայն ջերմոցային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ծառայությունների ոլորտը՝ հատկապես ֆինանսական ծառայությունների ոլորտը, բավականին մեծ ազդեցություն ունեցել է:
Գործարար համայնքը դրական է գնահատում հարկային մարմինների հետ աշխատանքը: Պահածոների և հյութերի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենի խոսքով՝ տարին լավ է մեկնարկել:
Սարգիս Թարվերդյան (Սննդի կոմբինատի հիմնադիր տնօրեն) - Այս պահին էլ մեր ընկերությունը գտնվում է հերթական տարեկան ստուգման փուլում: Կապված հարկային մարմինների մուտքագրումների հետ՝ կարող եմ ասել, որ մեր ընկերությունը, իր հերթին, իր լուման է ունեցել այդ մուտքերի հետ կապված: Հունվար ամսին հարկային մուտքերը կազմել են մոտ 15 մլն, փետրվարին նույնպես 15 միլիոն կարգի:
Հունվար-փետրվարին բիզնեսին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68,3 մլրդ դրամ, ինչը 34 մլրդով կամ 99,3%-ով գերազանցում է 2022-ի ցուցանիշը: Գործարարի գնահատմամբ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձը բավականին պարզեցված է:
Սարգիս Թարվերդյան - Այսօր դիմելով հարկային մարմիններին՝ հունվար ամսին մոտ 11 մլն ԱԱՀ-ի գումար ենք հետ ստացել, փետրվարից մոտ 10 մլն ենք ակնկալում: Անշուշտ, ամենամսյա ԱԱՀ-ի գումարի վերադարձը ֆինանսական օգնություն է ընկերության համար, դրա պահանջը բոլոր ընկերություններն ունեն:
2023-ին բյուջեով նախատեսված է 2 տրլն 301 մլրդ դրամի եկամուտ, որից 2 տրլն 204 մլրդը բաժին է ընկնում հարկերին և տուրքերին: Ըստ Սոս Խաչիկյանի՝ 2 ամսվա թվերով դժվար է տարվա համար կանխատեսումներ անել, սակայն սկիզբը հուսադրող է:
Սոս Խաչիկյան - Տենդենցը աճող է, դինամիկան աճող է, և, բնականաբար, գարնան ամիսներին մյուս ամիսների հետ կապված ցուցանիշները կարող են ավելի բարձր լինել: Կարծում եմ նպատակադրված ցուցանիշներին կհասնենք:
Կա ևս մեկ շատ կարևոր գործոն. դա մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացումն է, մարդկանց եկամուտների ավելացումն է: Տարեցտարի, միանշանակ, այդ եկամուտների ավելացումը զգալի է, և այդ ավելացումը հանգեցնում է նաև տնտեսական աճի:
Առաջին եռամսյակում նախատեսված է հավաքել 447 մլրդ դրամ, արդեն հավաքվել է դրա ավելի քան 64 տոկոսը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան