ԱՋԱՓՆՅԱԿԻ ՄԵՏՐՈՅԻ ՆՈՐ ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿՏԵՎԻ 4 ՏԱՐԻ
Գործադիրը 1 մլրդ 100 մլն դրամ է հատկացրել Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար: Երեք փուլից առաջինն ավարտվել է, կարիք է առաջացել վճարել նախագծողին՝ զեկուցեց Տարածքային կառավարման նախարարը: Ասաց՝ 545 միլիոն դրամ քաղաքապետարանն արդեն տվել է, ընդհանուր արժեքը 1 մլրդ 848 մլն է:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այսօր առաջարկում ենք՝ Կառավարությունը հատկացնի 1,1 մլրդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:
Կայարանի կառուցումը կտևի չորս տարի, երկարությունը 1,5 կմ կլինի՝ մանրամասնեց նիստին ներկա փոխքաղաքապետը: Ավինյանը նախագծից խոսեց. 80-ականներից մնացածում փոփոխություն են արել, կայարանի տեղը 120-140 մետր տեղափոխել:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Առաջին հերթին, շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն՝ «Թումոյի» մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս:
Երկրորդ փուլի ավարտին կլինի նախագիծը, կուղարկվի փորձաքննության, տարեվերջին էլ կքննարկեն հետագա ֆինանասավորման հարցը: Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գիրգորյանն էլ հետաքրքրվեց մետոյի արդիականացման ծրագրերից: 800 միլիոնի նախագիծը շուտով կգա Կառավարություն՝ արձագանքեց փոխքաղաքապետը, շարժակազմի, օդափոխության հարցեր կլուծվեն, իսկ նոր կայարան ունենալը միայն Աջափնյակով չի սահմանափակվելու, ցանկություն կա «Փեթակում» կայարան ունենալ, Աջափնյակից էլ դեպի Դավթաշեն ու վարչական շրջանի ավելի խոր հատվածներ ճյուղավորել:
Տիգրան Ավինյան - Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները, օրինակ բերեմ միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ, մեր կանխատեսմամբ, մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով, այսինքն՝ էական բեռ է իր վրա վերցնում մետրոն և էականաորեն թեթևացնում է փողոցների ծանրաբեռնվածությունները:
ԷԿՈԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԻՆ
Արագածի լանջին էլ լեռնադահուկային ու էկոգյուղատնտեսության նոր համալիր կկառուցվի: Կառավարությունը հավանություն տվեց համանուն՝ «Արագած» ներդրումային ծրագրին՝ այդպիսով հնարավորություն տալով Ապարանի ավագանուն հողատարածքներ վաճառել՝ փոխելով որոշների նշանակությունը: «Ռիդ» ընկերության ծրագիրը 4400 հա տարածք է ընդգրկելու, մեծ մասը՝ երկարաժամկետ վարձակալությամբ:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Ստեղծվելու է նոր գյուղ, 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով: Այնտեղ կառուցվելու է նաև 3 միլիոն խ. մ ջրամբար, որ համալիրը ունենա ջրի հասանելիություն, նաև այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղու 5 գծով, մոտ 30 կմ սահուղիներով:
190 միլիոն դոլար կազմող ներդրումային ծրագիրը, Քերոբյանի բնորոշմամբ, նաև սոցիալական նշանակություն ունի: Բարձրադիր գոտում, ըստ նրա, օրինակելի ու ինքնաբավ համայնք է ստեղծվում:
Արտոնություն տալով ներդրողին, սակայն, հաշվի է առնվել ռիսկերի կառավարումը: Խոշոր աուդիտորական ընկերությունը կհետևի ընթացքին, կտա հաշվետվություն: Փոխվարչապետ Խաչատրյանը հստակեցրեց, թե ինչ է սպասվում, եթե հստակ ժամկետներում չարվեն ներդրումները:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 միլիարդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների այդ պակաս չափի նկատմամբ մենք նախատեսել ենք որոշակի տուգանային միջոց. դա կլինի ֆինանսական: Եվ երկրորդ համակարգն այն է, որ 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչերով պետք է ավարտված լինի:
Նույն ներդրողը նաև մանկական երկաթուղու տարածքում էր ծրագիր առաջարկել, քննարկումը ավարտական փուլում է՝ տեղեկացրեց Քերոբյանը: Ավինյանն էլ հիշեցրեց, որ ճոպանուղու կառուցման պայմանավորվածություն է եղել:
Տիգրան Ավինյան - Իրենք պատրաստ են ներդնել մինչև 20 միլիոն դոլար իրենց ֆինանսական միջոցներից ճոպանուղու կառուցման համար: Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն էդ դեպքում է ենթադրվում, որ ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Մյուս հարցը կրթական էր: Հաստատվեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժների կամավոր ատեստավորման կարգը: Սա ենթադրում է աշխատավարձի բարձրացում՝ լրավճարով՝ հիշեցրեց նախարար Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Առաջին փուլով կկարողանան դիմել երաժշտական ու արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության, որն իր մեջ երկու առարկա է պարունակում՝ սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադպրոցների՝ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները:
Ատեստավորումը կսկսվի ապրիլից ու արդեն մայիսից, ըստ հավաքած միավորների, ուսուցիչներն ու մարզիչները բարձր աշխատավարձ կստանան: 70-79 տոկոս արդյունքի դեպքում հարկված լրավճարը կկազմի 60 հազար դրամ, 80-89 տոկոսի պարագայում՝ 80 հազար, իսկ 90-100 միավոր հավաքածները կստանան՝ 100 հազար դրամ:
Ժաննա Անդրեասյան - Ատեստավորման կկարողանան մասնակցել նաև այն մարդիկ, որոնք այս պահին չեն աշխատում որևէ արտադպրոցական հաստատությունում, սակայն բավարարում են մանկավարժական աշխատողի համար սահմանված պահանջներին: Ըստ այդմ նրանք կկարողանան դիմել, ատեստավորվել և արդեն դրանից հետո, ունենալով հեռանկարը, որ ստանալու են լրավճար, նաև գնալ՝ աշխատանքի անցնելու արտադպրոցական հաստատություններում:
Դիմումները կընդունվեն էլեկտորնային, մարտի 15-ից, պլանավորում են հենց այդ ժամանակ հասանելի դարձնել նաև ուղեցույցները: Նախարարի խոսքով՝ մյուս մարզաձևերի և արվեստի բոլոր ուղղությունների մանկավարժները կկարողանան ատեստավորվել արդեն հաջորդ տարվանից:
ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՔՐ ՁԵՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Քաղաքաշինության կոմիտեի բերած նախագծով էլ կկանոկարգվի ճարտարապետական փոքր ձևերի՝ խաչքարերի, խաչերի, հուշարձանների, հուշաքարերի տեղադրումը:
Վիճակը բնորոշելով անկանոն՝ Ղուլարյանը խստացումները ներկայացրեց. «Կգործեն նաև պետական լիազոր մարմինների հետ համաձայնությությունների ընթացակարգ, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում՝ այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար, համապատասխանաբար, 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում»:
Ղուլարյանի խոսքով՝ զուգահեռ խստացվելու են նաև վարչական պատասխանատվության մեթոդները:
Ինչ վերաբերում է արդեն եղած օբյեկտներին՝, ասաց, որ եթե չեն անցել սահմանված կարգերով, կհամարվեն ինքնակամ, ու դրանց համար կգործեն արդեն այդ ոլորտի պահանջները: