Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 36 հասցեի շենքի նկուղն է: Կոյուղին և խմելու ջրի խողովակները վնասվել են, ինչի հետևանքով, բնակիչների խոսքով, կոյաջրերը խառնվել են խմելու ջրին։ Ամբողջ շենքով գարշահոտ է տարածվել, ծորակից ջուր խմելն անվտանգ չէ:
Ժիրայր Զիրոյան (բնակիչ) - Ներկա պահին եռացնում ենք, նորից հետ ենք բերում ջուրը, նոր խմում ենք, որովհետև երեխաները շատ վատ վիճակում էին, փորլուծություն, ահավոր վիճակ էր:
Բնակիչների խոսքով՝ խնդիրն արդեն 4-5 տարվա պատմություն ունի: Խմելու ջրի դիտահորն են ցույց տալիս, որը մինչև վերջերս լցված էր կոյաջրով: Ասում են՝ բազմիցս դիմել են և՛ համատիրությանը, և՛ «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն կամ արձագանք չեն ստացել, կամ էլ համապատասխան մարմինները աշխատանքը թերի են արել:
Ժիրայր Զիրոյան - Զանգում ես «Վեոլիա ջուր», 6-7 օր հետո որ պիտի մաքրեն, գալիս են մի հատ բացում են, գնում են, նորից նույն պատկերը: Էս խմելու ջուր ա, էս հասարակ բան չի:
Անահիտ Աբրահամյան (բնակիչ) - Էս ամբողջ կեղտաջուրը լցվում ա շենքի հիմքը, արդեն 42 տարվա շենքը էգուց-մյուս օրը խարխլվելու ա:
Հասմիկ Զորօղլյան (բնակիչ) - Հնարավոր չի, մուտք մտնում ես, խեղդվում ես: Էլ չեմ ասում՝ առնետներն ու մկները:
«Լուրերը» փորձեց հասկանալ համատիրության դիրքորոշումը, վստահեցրին՝ խողովակներն իրենք փոխում են՝ ըստ անհրաժեշտության, սակայն այս մասշտաբի խնդիրը, կարծում են, արդեն «Վեոլիա ջրի» ենթակայության տակ է: Համատիրության ղեկավարը նկարահանվել չցանկացավ, բայց եկավ տեղում խնդրին ծանոթանալու: Հետո խոստացավ՝ խողովակները կնորոգեն, նկուղը կբարեկարգեն, որպեսզի հնարավոր լինի այն որպես ապաստարան ծառայեցնել:
«Վեոլիա ջուր» ընկերությունն էլ հակադարձում է իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ ասելով, թե վեց ամսվա ընթացքում այդ հասցեից ընդամենը 2 անգամ են կանչ ստացել, աշխատանքը պատշաճ կատարել են:
Վարդան Մարգարյան («Վեոլիա ջուր» ընկերության ավագ համակարգող-ինժեներ) - Խողովակները հին են, պարզ ա, ներկայումս էլ խնդիրները գալիս են ավելի շատ անբարեխիղճ վերաբերմունքից բնակիչների: Հասցեներ շատ են լինում, պարբերաբար կրկնվում են, որը շատ ա լինում, արդեն մենք հետևողականորեն տալիս ենք շինարարության:
Ընկերությունից նշում են՝ ավելի լուրջ խնդիրներ կան նաև թաղամասի այլ հասցեներում, և 2023-ի բյուջեով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել դրանցից մի քանիսում՝ ըստ խնդրի կարևորության:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան