Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև Ազատ առևտրի համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Համաձայնագրի 5.7 հոդվածով նախատեսված է մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համակարգի ներդնում: Այն հանձնարարվել է Եվրասիական տնտեսական հանձաժողովին, որն այն պետք է իրականացնի 3 փուլով: Առաջին փուլում նախատեսված 5 խումբ ապրանքների վերաբերյալ տվյալների փորձնական փոխանակումը հաջողությամբ իրականացվել է: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մարտի 1-ի ԱԺ նիստում:
Քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն` տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել տեղեկատվության փոխանակման կազմը, տեխնիկական պահանջները և էլեկտրոնային հաղորդագրությունների կառուցվածքն ու փոխանակման կանոնները:
Գլխադասային` տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա` արձանագրությունը մշակվել է տեղեկատվության փոխանակման երկրորդ փուլի իրականացման նախապատրաստման նպատակով և ներառում է այն ապրանքների ցանկը, որոնց մասին տեղեկատվության փոխանակումը նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային հաղորդագրության երկրորդ փուլի շրջանակում: