ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:
Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները և նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական կյանքում: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի առավել զարգացման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:
Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական և քաղաքական օրակարգին:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: