Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկած G20-ի ԱԳ նախարարների համաժողովի շրջանակում հանդիպել են Հնդկաստանի և ՌԴ արտգործնախարարները:
«Մեծ քսանյակի» ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել: Մենք մտքեր ենք փոխանակել մեր երկկողմ համագործակցության և G20-ի հարցերի շուրջ»,- գրել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Twitter-ում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կողմերը հաստատել են իրենց մտադրությունը բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման վրա, ինչպես նաև ընդգծել են փոխադարձ ցանկությունը մեծացնելու փոխադարձ համակարգումը միջազգային ասպարեզում և բազմակողմ ձևաչափերում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, ինչպես նաև ՇՀԿ հարթակներում, BRICS-ում և G20-ում:
«Վերահաստատվել է արդար և ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության վրա հիմնված բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորման ընդհանուր հանձնառությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել քաղաքական երկխոսության ներկայիս դինամիկան»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:
Հնդկաստանը G20-ի նախագահությունը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին: Նախագահության ընթացքում Նյու Դելին կանցկացնի ավելի քան 200 խմբային հանդիպումներ, սակայն արտգործնախարարի հանդիպումն ամենակարևոր իրադարձություններից մեկն է՝ սեպտեմբերի 9-10-ը Հնդկաստանի մայրաքաղաքում կայանալիք G20-ի առաջնորդների եզրափակիչ գագաթնաժողովին ընդառաջ, որից հետո նախագահությունը կհանձնվի Բրազիլիային:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան