ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մտահոգություն հայտնեց՝ կապված կոռուպցիոն ռիսկերի աճի հետ և վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ մարտավարություն է դրա դեմ կիրառվում:
«Ասել եմ բազմիցս, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, և մենք որևէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու»,- ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ դեպքերի բացահայտումները կշարունակվեն այնքան, որքան դեպքերը կլինեն, և չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանում:
Ինչ վերաբերում է ավելի լայն համատեքստին, ապա կոռուպցիան, Փաշինյանի խոսքով, առաջին հերթին կապվում է պետական կառավարման, ՏԻՄ դատական և այլ համակարգերի հետ:
«Այստեղ իմ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ շատ հստակ, որ հանրային կառավարման և դատական ոլորտներում պետք է աշխատավարձերի էական բարձրացում լինի: Ես գիտեմ՝ ինչքան ոչ պոպուլյար թեմա է սա, բայց չի լինում, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, մյուս կողմից ասենք՝ որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և ասենք, որ նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ:
Այս առումով մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունն իրականացրել ենք և հիմա նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում, այդ ռազմավարությունը կմշակենք, և վերջերս Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ ենք ունեցել, բոլոր հնարավոր թեմաները, պրոբլեմները քննարկել ենք, և նաև անհրաժեշտ որոշումներ ենք կայացրել, որ հարցը մեր ոչ թե մեր ուշադրության կենտրոնում լինի, այլ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ ստեղծվի, որ ինքն իրենով աշխատի»,- ասաց վարչապետը: