Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշների մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից:
Այդպիսի մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար, դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն արգելվում է, իսկ խախտելու դեպքում սահմանված է 20 հազար դրամ տուգանք: Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով մեքենայի վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
Ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հաշվառումից հանված և առանց համարանիշների մեքենա վարող անձինք կարող են տուգանվել մինչև 340 հազար դրամի չափով կամ զրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տուգանվեն 140 հազար դրամով։
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման իրավախախտումներից, քանի որ խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություն։