ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը թմրամիջոցների շրջանառության աճի վերաբերյալ հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:
«Արդյոք մեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները տեխնիկապես վերազինվա՞ծ են, արդյոք այդ ստորաբաժանման աշխատակիցները տիրապետում են ժամանակակից գործիքներին և արդյոք որոշակի պարբերականությամբ վերապատրաստվում են»,- հետաքրքրվեց նա:
«ՆԳՆ ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ են կատարվել թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ոստիկանության ՆԳՆ-ի կողմից օպերատիվ ամփոփագրերում արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման դեպք, 150-ը՝ պահելու դեպք»,- ասաց Վահե Ղազարյանը:
Նա նշեց, որ 2023-ը ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի:
«Կատարվել են մի շարք աշխատանքներ, մշակվել է ռազմավարական ծրագիր թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, բացատրական աշխատանքներ ենք կատարում անչափահասների և երիտասարդության շրջանակներում: Նախատեսում ենք նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, ակնկալում ենք հանրության աջակցությունն այդ չարիքի դեմ պայքարում»,- ասաց ՆԳ նախարարը:
Ինչ վերաբերում է թմրամիջոցների՝ համացանցով առևտրին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին:
«Նշեմ, որ բավական արդյունավետ աշխատանքներ ծավալվեցին, և ունեցանք բավականին լավ արդյունքներ: 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք բոլորիս հայտնի Telegram ալիքով: Դրա հետ կապված մենք նախատեսում ենք ավելի ընդլանել այդ բաժինը և դարձնել վարչություն»,- ասաց Վահե Ղազարյանը: