Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, 2021-ի համեմատ աճն 92% է. Զբոսաշրջության կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Նախորդ տարի մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Հայաստան․ թաքնված ուղի» կարգախոսով՝ 4 զբոսաշրջային ուղղություններով`մշակութային, բնահենք, արկածային և գաստրո: Իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ մոտ 20 զբոսաշրջային օպերատորների, 10 մեդիա ներկայացուցիչների և հեռուստաընկերությունների մասնակցությամբ: Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մարզերում անցկացվել է 3 փառատոն, որին մասնակցել է մոտ 45000 մարդ, նաև 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ:
Հայաստանի մասին 7 հոդված է տպվել ճամփորդական պարբերականներում: Գործարկվել է Armenia.travel պաշտոնական կայքը: Իրականացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստը, որին մասնակցել է մոտ 40 երկրից 90 մասնակից:
Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20%: էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ, ըստ Զբոսաշրջության կոմիտեի՝ սոցփաթեթի շահառուները սկսել են ավելի շատ երկրի ներսում ճանապարհորդել: Այդ աճը հասել է 30 տոկոսի:
Վարչապետին զեկուցվել է, որ 2022-ին վերականգնվել են Գառնի-Լանջազատ ճանապարհը, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ճանապարհը, Գորիս համայնքի ժառանգության կենտրոնը, Դվինի հուշարձանները, մշակվել է Արենիի զարգացման հայեցակարգը: Այս համատեքստում վարչապետը շեշտել է, որ պետք է առաջնահերթ վերականգնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտները: Նաև պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով:
Ընթացիկ և առաջիկա ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ հավաքագրում և թվայնացնում են զբոսաշրջային տվյալները: Մինչև 2026 թվականը ակնկալում են, որ Հայաստանը տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկ կհյուրընկալի: Պատասխանատուները նախատեսում են 20 զբոսաշրջային կլաստեր ձևավորել, 50 պատմամշակութային օբյեկտ վերականգնել: Վարչապետին զեկուցվել է, որ ոլորտում նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ անհրաժեշտ է թիրախավորել ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերել, որ ակտիվորեն աշխատեն այս ուղղությամբ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան